Slaq.am-ը գրում է․
Երեւանի կրկեսի կոլեկտիվը վերադարձել է Արցախից, ուր հյուրախաղերի էր մեկնել եւ 10 օր շարունակ իր յուրօրինակ ելույթներով ուրախացրել հայրենիքի պաշտպաններին՝ ԼՂՀ Զինված ուժերի զինծառայողներին:
Հայաստանի կրկեսային գործիչների միությունից հայտնում են, որ սկսած 1999 թվականից, Երեւանի կրկեսի ստեղծագործական կոլեկտիվը յուրաքանչյուր տարի համերգային ելույթներ է կազմակերպում Արցախի տարբեր զորամասերում: Այս տարվա հյուրախաղերի ծրագրում երեք նոր համար էր ընդգրկված: Առաջնագծում ծառայող մեր զինվորականները մեծ հիացմունքով եւ բուռն ծափահարություններով ընդունեցին կրկեսի երիտասարդ արտիստ Համլետ Օհանյանին եւ նրա ցուցադրած գլխարկներով ձեռնածության համարը: Այն նույն համարը, որի կատարմամբ ժամանակին իր ասպարեզում փառքի ու մեծ ճանաչման արժանացավ այժմ Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երեւանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը: Նաեւ այդ առումով պարտավորեցնող համարն անթերի կատարելու համար 17-ամյա Համլետը 6 տարի շարունակ հղկում ու կատարելագործում էր իր կատարողական տեխնիկան: Դատելով հանդիսատեսների հիացական արձագանքից, Համլետի առաջին ելույթը՝ Արա Գեւորգյանի «Արցախ» կոմպոզիցիայի երաժշտության ներքո, իսկապես անթերի ստացվեց: Ոչ պակաս հիացմունքով հանդիսատեսն ընդունեց մյուս երկու նոր համարները. Արսեն Կիրակոսյան եւ Արման Գաբրիելյան դուետի ցուցադրած գնդակներով կոմիկական ձեռնածությունը, ինչպես նաեւ Անի Գասպարյանի «Անտիպոդ» ակրոբատիկ համարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



