«Համացանցայնացում» և բնակարանային շինարարության աջակցային եղանակի որդեգրում. պետական միջոցների տնտեսման և արդյունավետ ներդրման շուրջ մտորումներ
Նախորդ հրապարակման մեջ մենք խոսել ենք համացանցի՝ որպես բնակչության ցածր տարիքային խմբի անցանկալի տեղաշարժը կանխելու դեռևս պատշաճորեն չուսումնասիրված հոգեբանական միջոցի մասին: Ասվել է, որ համացանցն՝ անձի գտնվելու աշխարհագրականվայրից անկախ ստեղծում է ակտիվ հաղորդակցային դաշտ և ցանցային մասնակցության հավասար պայմանների ընձեռմամբ նպաստում է նոր սերնդի գիտակցության միջից՝ սեփական «մեկուսացվածության», «թերզարգացված տարածքից փախչելու» և այլ նմանօրինակ հոգեբանական բարդույթներից ձերբազատվելու կամ դրանք էապես մեղմելու առումով:
Արցախյան վերաբնակեցման գոտու ակնառու առավելություններից են բնական աճի բարձր ցուցանիշները և երիտասարդությամբ լի բնակավայրերի համայնքային կյանքի աշխուժությունը: Ի՜նչ խոսք, պետությունը պետք է մեծապես շահագրգռված լինի սույն դրությունը պահպանելուն և վերաբնակեցման գոտուց բնակչության ցածր տարիքային խմբի արտահոսքը կանխելուն միտված քայլերի ձեռնարկմամբ:
Արցախյան ազատագրված հողում ծնված ու մեծացած վերաբնակիչ երիտասարդ սերնդին տեղում պահելու ջանքերը, բնականաբար, պետք է լինեն բազմազան ու համակողմանի: Դրանք պետք է ներառեն աշխատատեղերի ստեղծմանը, պետական արտոնյալ վարկավորմամբ նոր ագարակային տնտեսությունների կայացմանը և բնակարանային շինարարությանն ուղղված ռազմավարական ծավալի պետական ծրագրեր:
Սակայն, բնակչության մեծ ակնկալիքները բախվում են պետբյուջեի միջոցների սղությանը: Եվ քանի որ դեռ երկար տարիներ Արցախի բյուջեն բավարար չի լինելու պետականաշինական բոլոր ծրագրերի շուտափույթ և լիարժեք իրականացման համար, հարկ է մեծ ուշադրություն դարձնել պետական միջոցները զգալիորեն տնտեսող՝ մասնակի, բայց ինքնին շատ արդյունավետ նախագծերի իրականացման հնարավորությանը:
Այսօր քննենք երկու հնարավոր նախագիծ. առաջինը՝ նյութական, իսկ մյուսը՝ բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտից:
Բնակարանային շինարարության հարցին նախորդ հրապարակումներում հպանցիկորեն անդրադառնալու ժամանակ, մենք նշել ենք, որ բնակարանային շինարարությունը և նոր համայնքների հիմնադրումը՝ վերաբնակեցման քաղաքականության պարտադիր և առանցքային բաղադրիչներն են: Սկզբնական շրջանում շենքերի վերականգնման որակը սոսկալիորեն ցածր էր, բայց հետզհետե այն աճել է և 2003-2006 թթ. դրությամբ դարձել է որոշակիորեն ընդունելի: Այսօր առկա է ողջունելի պետական մոտեցում, որի համաձայն շինարարական որակը պետք է էլ ավելի բարձր լինի: Ցավալի է նաև, որ նախորդ տարիների ընթացքում ցածր որակով վերակառուցված շենքերի վրա պետությունը ստիպված եղավ կրկին գումարներ հատկացնել՝ դրանք գեթ մասնակիորեն ընդունելի չափանիշներին հետ բերելու համար:
Նախորդ տարիներին, հաճախ շրջանային իշխանությունների պատասխանատվությամբ, նորակառույց բնակելի շենքերի մի մասը հատկացվում էր վերաբնակիչների կիսվող ընտանիքների՝ բնակչության ներքին աճի բնակարանային ապահովման կարիքները սպասարկելու համար: Ստեփանակերտը պաշտոնապես դա թույլատրելի չի համարել, բայց, բարեբախտաբար, լռելյայն հանդուրժել է: Իրականում, կայացած վերաբնակիչ ընտանքիների աճի բնակարանային կարիքների բավարարումը՝ մեծագույն խթան է տարածքում նոր սերնդին պահելու համար:
Այնուամենայնիվ, կարելի է պետական լիարժեք ծրագրի վերածել՝ սահմանված պայմաններին համապատասխանող ընտանիքներին բնակարանային ինքնուրույն շինարարության համար շինանյութ տրամադրելու արդեն իսկ տեղ-տեղ առկա երևույթը: Վերաբնակեցման գոտում տարիներով բնակված մեր հայրենակիցներն ինքնաբերաբար մեծ հմտություններ են ձեռք բերում՝ վերականգնողական շինարարական աշխատանքների բնագավառում: Հարկ է պարզապես որոշակի գումար նախատեսել շինարարության առավել բարդ ու պատասխանատու մասերը՝ առավել փորձառու վարպետին հանձնարարելու համար: Ասենք, պատ շարելը, սվաղ անելը կամ հատակ խփելն ընդունակ են համարյա բոլորը, մինչդեռ տանիք կապելու արվեստն ամենքին հասու չէ: Այսինքն, պետք է մշակել շինանյութի և հարակից գումարի հատկացման ճկուն սանդղակ, որը թույլ կտա յուրաքանչյուր ընտանիքի հետ կնքել առավել նպատակահարմար պայմանագիր և շինարարության ընթացքի վրա սահմանել պատշաճ վերահսկողության մեխանիզմ:
Շարունակությունն` այստեղ



