Life.panorama.am-ը գրում է․
«Բոլորս էլ գիտենք՝ ինչ կատեգորիայի մարդիկ են գլամուրային չոբանները». Կարապետ Բալյան

Վերջին տարիներին անտրեպրիզային ներկայացումները հանդիսատեսի կողմից առավել բուռն են ընդունվում: Պատճառը, հավանաբար, նրանում է, որ դրանք մեր ժամանակների արտացոլանքն են, մեր կյանքը, մեր առօրյան: Դերասան Կարապետ Բալյանը, չնայած ինստիտուտում և Համազգային թատրոնում իր զբաղվածությանը, ձեռնամուխ եղավ նաև մասնավոր ներկայացումների պատրաստմանը: Թե ի՞նչ նորություններ ունի դերասանը, ի՞նչ հետաքրքիր անակնկալներ են սպասվում հանդիսատեսին և ինչպե՞ս են նույն հարկի տակ ապրում երկու արվեստագետ՝ Life.panorama.am-ին պատմեց անձամբ դերասանը:

-Կարո, այսօր ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Համազգային թատրոնում եմ աշխատում, դասավանդում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, անտրեպրիզային կարգավիճակով Քիթ Քաթ ներկայացումն եմ բեմադրում, նաև խաղում եմ այդ ներկայացման մեջ: Ասեմ, որ Հ2 հեռուստաընկերության պատվերով նոր ներկայացում եմ բեմադրում այժմ, կոչվում է «Գլամուրային չոբաններ»: Այն արդեն նոյեմբերի 23,24-ին կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 

-Ովքե՞ր են ընդգրկված դերասանական կազմում:

-Տաղանդավոր, փորձառում ու բազմազբաղ խումբ եմ ընտրել: Չնայած նրանց՝ տարբեր նախագծերում զբաղվածությանը՝ մենք հասցնում ենք գրեթե ամեն օր փորձեր անել: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կստացվի:  Ընդգրկված դերասաններն են Լևոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը. Կարինե Բուռնազյանը, Նաիրա Մովսիսյանը, Նորա Գրիգորյանը և Դավիթ Թորոսյանը: Սցենարիստն Արմեն Վարդանյանն է:

-Հետաքրքիր է, ովքե՞ր են այդ «գլամուրային չոբանները»:

-Փակագծերը շատ չեմ բացի, ամեն դեպքում բոլորս էլ գիտենք, թե սովորաբար ինչ կատեգորիայի մարդիկ են դասվում գլամուրային չոբանների շարքում: Մեր ժողովուրդը մի այսպիսի խոսք ունի. «Չտեսավ պատիցը կախ, տեսավ ճակտիցը կախ» (ծիծաղում է): Մեր ընդհանուր տեսադաշտում այդպիսի բազմությունը շատ է՝ լինի դա շոու բիզնեսի, քաղաքական, թե մնացած դաշտերում: Կարծում եմ, այս թեման ժողովրդի սրտից է:

-Քանի որ պատվիրատուն Հ2 հեռուստաընկերությունն է, հավանաբար ներկայացումըհասանելի կլինի նաև հեռուստադիտողին:

-Հեղինակային իրավունքները, բնականաբար, Հ2-ին են պատկանում: Ըստ երևույթին հեռուստատեսությամբ երբևիցե կլինի, բայց դա, կարծում եմ մի քանի տարի հետո, երբ ներկայացումը մեր սպասված կյանքը կապրի: Աստված տա, որ այն բեմում երկար կյանք ունենա: Այլապես իմաստ չունի ներկայացում բեմադրել և անմիջապես հեռուստատարբերակով ցուցադրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել