Հարց
Ռուսաստանի քաղաքացին կարո՞ղ է դառնալ ՀԿ-ի հիմնադիր, թե՞ ոչ:
Պատասխան
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով կարգավորված են օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու հարցը:
Օրենքը սահմանել է, որ հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական-հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
Մարդու` միավորումներ կազմելու իրավունքը ներառում է այլոց հետ ազատորեն միավորում ստեղծելու, նրան անդամագրվելու (մասնակցելու), նրա գործունեությանը մասնակցելու և անդամությունից (մասնակցությունից) անարգել դուրս գալու իրավունքը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից և քաղաքացիությունից: Այս իրավունքն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է սահմանափակվել զինված ուժերում և իրավապահ մարմիններում ծառայողների նկատմամբ:
Ամփոփելով վերոգրյալը՝ պարզ է դառնում, որ օտարերկրյա քաղաքացին (տվյալ դեպքում ՌԴ քաղաքացին) կարող է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել կամ անդամագրվել արդեն իսկ ստեղծված հասարակական կազմակերպությանը:
Կարեն Տոնոյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին:



