Newmag.am-ը գրում է․
«Բոմբառդիր» օդանավն առավոտ կանուխ պոկվեց Օռլիի թռիչքուղուց՝ ուղղություն վերցնելով դեպի Լուրդ: Ի՞նչ եք անում օդանավում աոաջին րոպեներին, նայում եք աջ-ձախ, շուռումուռ տալիս նստարանի ամսագրերը, հարմարվում դեպի լուսամուտը, երկու բառ փոխանակում հարևանի հետ: Վերը նշած գործողությունները հատուկ են երկու տարին մեկ օդանավ նստող «նորաթուխներին»: Ոմանց համար ինքնաթիռը հանգստանարո միակ տեղն է՝ չկա զանգ, ինտերնետ, աշխատանք, ծանոթ դեմք: Միակ ծանոթը վերջին հինգ տարին հետդ ճամփորդող վեպն է, որի աոաջին երկու տողերից հետո կոպերդ ծանրանում են և բացվում նախաճաշի անցուդարձից:
Ձյունը հիասքանչ թափվում էր: Հսկա փաթիլները տեղում էին անձայն, երբեք չդադարելու վճռականությամբ: Ղարադաղ լայն պողոտան մինչև ծնկները հասնող ձյան շերտի տակ սահում էր գիշերվա մթության մեջ և անէանում: Շուրջը սպիտակ էր և գաղտնիքներով լեցուն: Հայերից մնացած քաղաքապետարանի գեղեցիկ եռահարկ շենքը դատարկ էր: Վայրի ձիթենիներից կախված սառցալեզվակները ծանրացել էին ձյան շերտով ծածկված մեքենայի վրա՝ առաջացնելով թափանցիկ վարագույր: Նա անցավ միահարկ լքված տան պատուհանների կողքով, որոնք մեխված էին տախտակներով: Պուրակում կանգնած Աթաթուրքի արձանի դիմաց նահանգապետի առանձնատունն էր, որտեղ ոչ մի լույս չէր վառվում: Դատարկություն էր և ռուսական ժամանակներից մնացած ֆինանսների վարչության շենքի մոտ: Կարսի երբեմնի շքեղ կառույցները դեմ հանդիման գեղեցիկ և տխուր էին: Օդանավն ավարտել էր կտրուկ վերելքը և կատաղի սլանում էր ինչ-որ տեղ ուշացողի նման:

- Ներեցե՛ք, ի՞նչ լեզվով է Ձեր գիրքը,-հետաքրքրվեց «Մոնդ» թերթող հարևանը:
– Ռուսերեն,-ծալելով գիրքը՝ պատասխանեցի:
Նայելով շապիկի դիզայնին՝ նա շարունակեց:
- Ո՞վ է հեղինակը:
– Թուրք է, Օրհան Փամուկ, երևի լսել եք: Անցած տարի Նոբելյան մրցանակ ստացավ:
– Դուք թուրք չեք, այլապես ինչո՞ւ պետք է ռուսերեն կարդայիք: Բայց ռուս էլ չեք:
– Իրավացի եք:
Խոսակցությունն ընդհատեց «թե՞յ, թե՞ սուրճ» առաջարկող ուղեկցորդը: Այս տարի երկրորդ անգամ էինք հատում վրաց-թուրքական սահմանը: Գնում ենք Անի: Պետք է նկարահանենք Հեքիմյանի և Բայանդուրյանի «Իմ Անի» երգի տեսահոլովակը՝ Ծովինար Պողոսյանի կատարմամբ: Մեր խմբի անդամներից շատերը բազմիցս եղել էին Անիում, հասկանալի հուզմունքն անցյալում էր, հիմա միայն մեկ մտահոգություն կար՝ իրականացնել նկարահանումները: 99-ից պարբերաբար այցելում եմ Անի, ամեն անգամ նոր կարգ են մոգոնում. չի կարելի նկարահանել, չի կարելի գետին մոտենալ, չի կարելի միջնաբերդ բարձրանալ: Մտահոգիչ էին և Արագածից եկող սև ամպերը: Ճանապարհ ընկնելուց առաջ ինտերնետով ստացել էինք եղանակի տեսությունը՝ միայն արև էին խոստանում:
Ավագ դռան մոտ տեղադրված կրպակից ընդառաջ եկան հսկիչները: Մենք տնավարի բարևեցինք: Նրանք պատասխանեցին: Նայեցին մեր սարքավորումներին և ասացին, որ պրոֆեսիոնալ խմբերը նկարահանելու թույլտվություն պետք է բերեն Կարսից: Մենք, թե՝ ի՞նչ պրոֆեսիոնալ, ի՞նչ բան: Սովորական տուրիստներ ենք: Նրանք էլ, թե՝ բա էդ երկաթեղե՞նը (նկարահանման կռունկ և այլն) ինչու եք քարշ տվել: Հենց այդ ժամանակ ձեռքի փոքր տեսախցիկներով բեռնված գերմանացի տուրիստներ մոտեցան կրպակին: Մուտքի տոմս գնեցին և ներս մտան:
- Սովորական տուրիստները նրանք են,-ինքնագոհ եգրափակեց հսկիչը և քայլեց դեպի կրպակ:
Լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ հետևեցինք նրան, հասկանալի բոլոր լեզուներվ, թե՝ տեսնո՞ւմ ես նկարելու եղանակ չէ, մի երկու ժամից էլ փակելու եք, մի քանի կադր կանենք ու կգնանք, իսկ վաղը Կարսից թույլտվությունով կգանք, Ձեզ էլ շատ շնորհակալ կլինենք: Պրոֆեսիոնալ հսկիչը հենց դրան էլ սպասում էր: Կանչեց աշխատակիցներից մեկին, կարգադրեց մեզ ուղեկցել: Եղանակն արագորեն փչանում էր: Աջուձախ կայծակի շիթեր էին, քամին Հայաստանի քարհանքի կողմից փոշին քշում էր դեպի Ախուրյանի կիրճ: Մեզ ուղեկցող հսկիչի անունը Դենիս էր, մի քիչ ռուսերեն գիտեր. 4 տարի ապրել էր Մոսկվայում, աշխատել էր «Մետրոպոլ» հյուրանոցը նորոգող բրիգադում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



