Magaghat.am-ը գրում է.
Առօրյա հոգսերից ինձ կտրող իմ մտորում-մտահոգությունը ֆեյսբուքյան լրահոսում հայտնված մի հոդված է, որում ոմն Ջ. Մանուկյան պնդում է, թե թուրքերենից առնված բառերի մշտական ներկայությունը մեր լեզվում բնական է և, հակառակը, այդ օտարաբանությունները մերժելու մեր ջանքերը՝ անընդունելի: Իբրև հիմնավորում իր պնդման՝ բերում է այն փաստը, թե թրքերեն բառերը հատկապես շատ են գործածվում սփյուռքահայության կողմից: Եվս մի հակագիտական, եթե մեղմ բնորոշենք, անփույթ մոտեցում հայերենին: Առնվազն մակերեսորեն հայերենն ուսումնասիրած անձն էլ պիտի իմանա, որ դասական հայերենը (թե՛ արևմտահայերեն, թե՛ արևելահայերեն), որ հարուստ է համարվում նաև իր փոխառությունների հարուստ շերտերով, ամենաքիչը հենց թուրքերենից ունի փոխառություններ, թեև պատմության ընթացքում սերտորեն առնչվել է այդ լեզուն կրող մարդկանց խմբերի հետ: Այո՛, մեր խոսակցականում հաճախ ենք օգտագործում օտար բառեր, որոնք, բնավ, փոխառություններ չեն: Դրանց մի մասը, նայած մեր արտաբերած տեքստի և նպատակի, կարող են խիստ տեղին լինել և, անգամ, գունեղ դարձնել մեր խոսքը: Բայց երբ օտարաբանությունները դառնում են մեր առօրյա, առավել ևս՝ գրավոր խոսքի գերակշիռ բաղադրիչը, լեզուն աղճատվում է, տգեղանում, ավելին՝ վտանգվում: Հիշեցնեմ դարձյալ ակադեմիական ճշմարտությունը նրանց, ովքեր անգիտությունի՞ց, նոր հայտնություն կատարելու և շրջապատին զարմացնելու մարմաջի՞ց, թե՞ թաքուն-հանցավոր մտադրությունից դրդված, հայերենում, այո՛, հաճախ օգտագործվող օտարաբանություններն ուզում են նույնացնել լեզվի՝ դարերով հղկված ու բանաստեղծների գրչով պայծառեցված հայրենի շերտերի հետ: Դրանք ՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ են, և ո՛չ փոխառություններ: Փոխառությունը նման է օտար այն մանկիկին, որին քո հարազատ զավակի պես սնել ես քո սեփական կաթով, ներս թողել քո օջախ, դաստիարակել քո ոգով, ու հիմա տարբերություն չես դնում՝ քո արգանդի՞ ց է ելել այդ մանչը, թե՞ ուրիշի: Այդպես էլ հայերեն շատ բառեր փոխառնվել են այլ լեզուների կողմից և ազնվացրել դրանք իրենցով: Իսկ օտարաբանությունը հյուր է, որին կարող ես ընդունել քո տանը՝ երբեմն ստիպված, երբեմն՝ հարկադրաբար, երբեմն էլ (ինչու՞ չէ) սիրով, բայց նա երբեք քո հարկի տակ մշտական բնակություն չի հաստատի: Ես օտար լեզվի դեմ ոչինչ չունեմ, քավ լիցի: Կոմիտասի հավաքած, մշակած 4000 ժողովրդական երգերի մեջ քիչ չեն թուրքերենով հյուսված գործերը: Արևի տակ բոլորն իրենց գոյության իրավունքն ունեն, ինչպես լույս աշխարհ եկող ամեն մի արարած: Օրինակ, երբ ասում ենք «ափալ-թափալ», անմիջապես տալիս ենք շտապողական-խառնված վիճակի յուրահատոկ նկարագրությունը: Այն նույնիսկ որոշ դեպքերում, վիճակը յուրակերպ նկարագրելու համար, կարելի է գործածել գրական երկում: Բայց պետք է զգու՛յշ դա անել: Քանի որ մեր լեզուն, ի վերջո, այդ «ափալ-թափալներին» փոխարինող լիքը (դիտավորյալ եմ այս բառը գործածում) հոմանիշներ ունի՝ գեղեցիկ, շենշող, ազնվահնչյուն՝ շտապ, փութկոտ… Լեզուն մաքուր պահելու ջանքերը ազգային շարժում պիտի դառնա: Առանց այդ էլ նորագույն ժամանակներում համառոտ արտահայտվելու, նաև՝ գրագիտությամբ առանձնապես աչքի չընկնող մասսաներին դուր գալու, օրվա հովերին տուրք տալու միտումներն հիմնովին փոխել են թե՛ մեր բանավոր և թե՛ գրավոր խոսքի որակը: Ընդգծենք՝ դեպի վատը: Սրանով կոչ չեմ անում վերցնել ավելները և հիմնովին մաքրել մեր լեզվի բազմաշերտ մայթերն օտարաբանություններից: Ծայրահեղությունն այս դեպքում տեղին չէ: Բայց Ֆ-յան էջերում, կարծում եմ, նաև տպագիր տարածվող կեղծ-գիտակությունը, թե թրքերենի ներկայությունը հայոց լեզվում բնական է ու դրան ընդդիմանալու մեր ջանքերը՝ դատապարտելի, ինձ խիստ մտահոգում է: Ուրիշ բան, որ տվյալ ուսումնասիրությունը զուտ նվիրվեր հայերենում առկա թուրքերեն օտարաբանություններին, դրանց ծագմանը, տեղային գործածության յուրահատկություններին, բարբառներից դեպի դասական լեզու ներհյուսվող շերտերին և այլն: Կարելի է նաև ուսումնասիրություն կատարել թուրքերենից՝ հայերենում քիչ քանակ կազմող փոխառությունների և դրանց, ասենք, գրականությունում գործածության շուրջ: Բայց լեզվի մաքրության հանդեպ՝ ո՛չ մի ոտնձգություն: Դա հանդուրժելի չէ ոչ մի պարագայում: