Ավելի քան համոզված եմ, որ գալիք հանրահավաքին Եռյակը էլ ավելի քիչ մարդ է հավաքելու, քան հոկտեմբերի 10-ին հավաքեց, և դա ունի միանգամայն օբյեկտիվ պատճառներ։ Եթե մի քանի հազարանոց «սկիդկա» անենք հօգուտ Եռյակի ու համարենք, որ կլորացված՝ մի 20000 մարդ էր եկել առաջին հանրահավաքին, ապա այս անգամ ես բավականին կզարմանամ, որ 10000-ից ավել մարդ գար։
Բանն այն է, որ առաջին հանրահավաքի պարագայում կար նորության ու ակնկալիքների գործոնը, մարդիկ հույս ունեին, որ ինչ-որ նոր բան են լսելու ու ավելի մեծ վճռականություն են տեսնելու, այլ ոչ թե այն լյա-լյա-տռա-լյա-լյաները, որոնց ականատես եղան։
Մյուս կողմից, պետք չէ գերագնահատել ավտոբուսով մարդ բերելու ԲՀԿ-ի պոտենցիալը։ Իհարկե, կարելի է մի քանի հազար մարդ բերել, բայց ԲՀԿ-ն ոչ էդքան ավտոբուս ունի, որ մի 7-8 հազարից ավել մարդ բերի, ոչ էլ էդքան ռեսուրս է պատրաստ ծախսել՝ նման անորոշ պայմաններում։
Հավելեք սրան, որ առաջին հանրահավաքին, այնուամենայնիվ, ներկա էին մի քանի հազար ոչ եռյակային կուսակցությունների համակիրներ ու անկուսակցականներ, որոնցից ոմանք այնտեղ էին, որովհետև հույս ունեին ինչ-որ բան տեսնելու, ոմանք էլ այնտեղ էին, որովհետև եկել էին ականատես լինելու, որ ինչպես իրենք էին կանխագուշակել, հերթական ֆիասկոն է լինելու, ու այդպես էլ եղավ։ Այս անգամ այդ մարդկանց թիվն էլ շեշտակի քիչ կլինի։
Տակը կմնա ավտոբուսներով բերվող մասսովկան, մեկ էլ Երևանի կուսակցական ակտիվը և կրկին անգամ մասնակիցների ճնշող մեծամասնությունը կլինի ԲՀԿ-ի հետ կապված, իսկ Ժառանգությունն ու ՀԱԿ-ը դժվար թե կարողանան իրենց բոլոր ռեսուրսների մոբիլիզացումից 1000-ից ավել մարդ բերեն, առավել ևս, երբ ժառանգությունում, ինչպես գիտենք, այդքան էլ միանշանակ չէ Եռյակում մնալու մարտավարության նկատմամբ վերաբերմունքը։