Զարմանալի է, այնուամենայնիվ, թե որքա՜ն կարճ է մարդու հիշողությունը՝ մանավանդ հայրենի քաղաքական դաշտում:
Բազմաթիվ օրինակների դիտարկումները թույլ են տալիս ասել, որ երբ անհատը կամ թեկուզ քաղաքական սուբյեկտը իշխանության ճամբարից սահուն կամ սայթաքուն անցում է կատարում ընդդիմադիր ճամբար, ապա զուգահեռ տեղի է ունենում առնվազն երկու բան. ա) մեկեն բացվում են տվյալ սուբյեկտի աչքերը, բ) նա կայծակնորեն մոռանում է նախորդող շրջանում իր դերակատարությունն ու պատասխանատվությունը: Ավելին՝ դրա մասին հիշեցնելը համարվում է «վատ տոն»:
Որպես համեմատաբար թարմ օրինակ՝ կարելի է դիտարկել «Բարգավաճ Հայաստանի» դեպքը: Օրինակ՝ երեկ ՄԻՊ տարեկան զեկույցի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, խոսել է բուհերի կուսակցականացման մասին, նշել, որ դրանք չպետք է լինեն «սաքուլիկների դարբնոցներ»:
Համամիտ լինելով կոնկրետ արտահայտված մտքին՝ թեթևակի հետաքրքրվենք, թե կուսակցականացվա՞ծ է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Թե՞, այնուամենայնիվ, այն կուսակցականացված չէ:
Թե՞ ֆիզկուլտինստիտուտի դասախոսները կարող են, օրինակ, քննադատական որեւէ անդրադարձ կատարել Հայաստանի օլիմպիական կոմիտեի գործունեությանը: Հետաքրքիր է պարզապես:
Թե՞, ասենք, հնարավոր է, որ եթե ոչ թեկուզ Գ.Ծառուկյանի, այլ պարզապես ԲՀԿ-ի վերաբերյալ թթու խոսք ասեն եւ դառնան ազատամիտ գործազուրկ:
Լավ, թողնենք բուհերի կուսակցականացման թեման, որ, անկասկած, հոռի երեւույթ է: Տվյալ դեպքում մեր ասածի հիմնական շեշտն այն է, թե ԲՀԿ-ն իրական կյանքում պահպանո՞ւմ է այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց վերաբերյալ քարոզներ ու խրատներ է տալիս հիմա: Ի վերջո, քարոզելու, խրատելու տեղ կարող ես ունենալ, եթե նշածդ սկզբունքներն առաջինն ինքդ ես պահում: Այլապես սրամիտ ու սրատես մարդիկ քիչ չեն:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը, վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, նշել է, որ Հայաստանում մեկ միլիոն մարդ աղքատ է, սակայն նրա խոսքով, ըստ հարցումների, քաղաքացիների զգալի մեծամասնությունն իր առաջնահերթ դժգոհությունների շարքում մատնանշում է ոչ թե սոցիալական վիճակը, աղքատությունը կամ գործազրկությունը, այլ անարդարությունը, կոռուպցիոն իրավապահ համակարգի հանդեպ ունեցած անվստահությունը:
Ասել, թե դա այդպես չէ, կնշանակի մեղանչել իրականության դեմ: Հարկավ, և՛ իրավապահ ու դատական համակարգերի կոռումպացվածության խնդիրը կա, և՛ աղքատությունը, և՛ գործազրկությունը, և՛ մնացած արատներն ու անընդունելի երևույթներն էլ:
Բայց տվյալ պարագայում դա հարցի մի կողմն է: Մեզ ամենևին երկրորդական չի թվում, որ այս ամենի մասին հայտարարում, խոսում է ԲՀԿ ներկայացուցիչը՝ ներկայացնելով, ի դեպ, կուսակցական դիրքորոշում, խմբակցության տեսակետ:
Ինքնըստինքյան հարց է ծագում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ ստեղծվել է որպես իշխանական ուժ եւ «ծննդյան օրից» մինչեւ բոլորովին վերջերս եղել է այդ նույն իշխանության մեջ, կառավարության կազմում, նախարարական պորտֆելներ է ունեցել, այդ թվում՝ սոցիալական հարցերի նախարարի, մի՞թե դույզն-ինչ պատասխանատու չէ այդ նույն աղքատության, գործազրկության, անարդարության ու մյուս արատավոր երեւույթների համար:
Թե՞ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճը» իշխանության մեջ էին մի տեսակ «ավտոպիլոտով», իսկ մնացած ամեն ինչի համար պատասխանատու են մնացյալ բոլորը, ով ասես, միայն... ոչ իրենք:
Թե՞ խոտը հակավորելը, թել ու կարտոֆիլի սերմացու բաժանելը և շահառուներին կամ նրանց մի մասին կուսակցական գրելը արդեն «հանում» է աղքատության համար պատասխանատվությունը:
Կոռուպցիոն կամ կոռումպացված դատական եւ իրավապահ համակարգի մասին: Այստեղ ևս պետք է լիովին համաձայնել ԲՀԿ ներկայացուցչի ձաղկող բնորոշումների հետ, բայց, համաձայնելով հանդերձ, մեկ-երկու վերապահում, այնուամենայնիվ, պետք է անել:
Թեպետ, ուրիշ էլ ո՞ր ուժի, եթե ոչ հենց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը պիտի խոսեր կոռումպացված իրավապահների ու դատավորների մասին: Իրենք, հիրավի, տեղ ունեն խոսելու, և ժողովրդական խոսքով ասած՝ «ձայնները տաք տեղից է ելնում»:
Ինչո՞ւ: Դե, թեկուզ այն պատճառով, որ, օրինակ, Հրազդանում հրազենի գործադրմամբ «հարաբերություններ պարզող» պատգամավորը ամենևին էլ ԲՀԿ-ից չի եղել: Հա, ու ոչ էլ պատգամավոր Կարո Կարապետյանն է (մամուլում հիշատակվում է որպես «Յուվեցի Կարո») «Բարգավաճից»...
Ու էլի դեպքեր կարելի է հիշատակել, ըստ որում՝ «պատմության» խորխորատները չմտնելով, այսպես ասած, ընթացքից: Ու հայրենի իրավապահ համակարգին ուղղված սուր քննադատությունն իսկապես տեղին է, կոռուպցիայով հանդերձ, քանզի հակառակ պարագայում օրենքը կգործեր ողջ խստությամբ ու լրիվ ուժով:
Այնպես որ հիմա ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ինչ էլ ասեն, տեղի՛ն կասեն: Չէ՞ որ մեր քաղաքական իրողությունների պայմաններում, եթե այս կամ այն անհատը, ավելին՝ կուսակցություն կազմող անհատների խումբը, երբ «տրանսֆորմացիայի» է ենթարկվում, ասենք, իշխանությունից անցում է կատարում ընդդիմություն, արդեն սրբադասվում է, դառնում գրեթե իդեալական ու մաքրամաքուր:
Ովքեր կասկածում են դրանում, թող դիմեն հայրենի բուրժուադեմոկրատիայի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Բացի այն, որ նա տեղով նման քաղաքական սրբացման կենդանի մարմնավորում է, դեռ մի բան էլ ինքն է «սրբադասման» արարողապետը:
Իսկ առհասարակ, չնայած երեկոն խոստանում է ձանձրալի չլինել, բայց նախկինում իշխանության մեջ թաթախվածների այսօրվա բարոյախրատական ելույթները արդեն առավել քան ձանձրալի են որպես երեւույթ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/732750663466023?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել