Հարգելի գործընկերներ,

Նախորդ և այս քառօրյայի միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանը ստորագրեց Եվրասիական Տնտեսական Միությանը միանալու մասին պայմանագիրը:

Նախորդ և այս քառօրյայի միջև ընկած ժամանակահատվածում փոխվեց Հայաստանի ապագայի ողջ տրամաբանությունը, մեր վաղվա ապրելակերպի բնույթը, գործելու կանոնները, երազելու սահմանները:

Այդ նույն ժամանակահատվածում կտրվեց կապը ներկայի ու ապագայի միջև՝ ներկա ու ապագա ազատությունների միջև, ներկա ու ապագա պաշտպանվածության միջև, ընտրելու տարբերակների բազմազանության միջև, ինքնադրսևորման ներկա ու ապագա հնարավորությունների միջև:

Միգուցե այսօր դեռ չի երևում: Միգուցե այսօր միայն տնտեսական բաղադրիչն է երևում, միգուցե այսօր միայն պաշտպանունակության հարթությունն է քննարկվում, բայց չէ՞ որ ակնհայտ է, որ սա առաջին քայլն է միայն: Չէ՞ որ շղթան երևում է, չէ՞ որ հաջորդ քայլերն արդեն իսկ տեսանելի են:

Հայաստանում կան քաղաքական ուժեր, բազմաթիվ կազմակերպություններ, հազարավոր ակտիվ մարդիկ, ովքեր դեմ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցմանը և ասելիք ունեն այդ հարցում: Շուտով համապատասխան փաստաթղթերը գալու են Ազգային Ժողովի վավերացման: Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք խորհրդարանում հնարավորինս լայնորեն ապահովել հասարակության այն հատվածի մտքերի ու մտահոգությունների հնչեցումը, որը չի ընդունում Հայաստանի միացումը այս նորաստեղծ միությանը: Սա ես շատ կարևոր եմ համարում, կարևոր է, որպեսզի հնարավորինս լսելի լինեն այս մտահոգությունները: Եթե նույնիսկ կանխատեսելի որոշումներ են կայացվելու, ապա այդ մտահոգությունները լսելուց հետո պետք է կայացվեն, որպեսզի տարակարծության դիտարկմամբ գոնե թե մտքում պահվի հնարավոր ռիսկերի մասին զգուշացումները, այլընտրանքների հնարավորությունները և այլն:

Հայտարարում եմ, որ այսօրվանից սկսած՝ մինչև ԵՏՄ միանալու մասին համապատասխան փաստաթղթերը Ազգային Ժողովում քննարկելու պահը, պատրաստ եմ հավաքագրել բոլոր շահագրգիռ մարդկանց և կազմակերպությունների դիտարկումներն ու կարծիքները, մասնակցել բոլոր հնարավոր քննարկումներին, որ տեղի կունենան այս թեմայի շուրջ տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններում և ինքս արձանագրել կարծիքները: Իմ ընկերները ևս խոստացել են դիտարկել և առանձնացնել սոցիալական ցանցերում, մամուլում ու տարբեր միջոցառումների ժամանակ հնչեցված այսօրինակ կարծիքները: Ես կամ ֆեյսբուքում, իմ էլեկտրոնային փոստի հասցեն [email protected] է, իսկ աշխատանքային ժամերին իմ անունից բոլորին միշտ կպատասխանեն 091403774 հեռախոսահամարով:

Ամփոփված դիտարկումները կներկայացվեն Ազգային Ժողովում:

Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել