Երբ ՀՅԴ-ն, չկիսելով Եռյակի դիրքորոշումը՝ կապված Սահմանադրական բարեփոխումների հետ, դուրս մնաց «Քառյակ» ձևաչափից, այլ բան չէր մնում մտածել, քան այն, որ ՀՅԴ-ն ուղղակիորեն համագործակցում է իշխանությունների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ կոնկրետ փաստ չկար՝ արձանագրելու եղելությունը, այնուամենայնիվ, բազմաթիվ քննադատությունների արժանացած ՀՅԴ-ն՝ ի դեմս Արմեն Ռուստամյանի, բառացիորեն չէր հերքում կամ փաստում վերոնշյալը։ Մի տեսակ պրիմիտիվ էր ստացվում այս ամենը, քանզի ներկայիս քաղաքական դաշտում ամեն ինչ այնքան պարզ է, որ հստակ կարելի էր կանխագուշակել ՀՅԴ-ի այդ «տակտիկական» քայլը։ Բայց արի ու տես, որ Արմեն Ռուստամյանի նյարդերը տեղի տվեցին, երբ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, հարցին թե «հնարավո՞ր է, արդյոք, որ խորհրդարանական Եռյակը կարծում է, որ ՀՅԴ-ն ու իշխանությունները գործարք են կնքել և հենց այդ պատճառով նրանց հետ միասին նախաձեռնությունը չեն քննարկել», Ռուստամյանը ասաց. «Լսեք, նրանք նույնպես բանակցություններ են վարում իշխանության հետ: Նրանք բանակցություններ են վարում իրենց հարցերի շուրջ, իսկ հետո պարզ կլինի»: 
Պատասխանից ակնհայտ զգացվում է, որ Ռուստամյանի մոտ այդ պահին ակտիվացած ինքնապաշտպանության ռեակցիան այնքան ուժգին էր, որ չկարողացավ ներկայացնել առանց այդ էլ բոլորին պարզ իրավիճակը՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը կապված Սահմանադրական բարեփոխումների հետ և վերջնականապես հասարակության և ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների կողմից «չքարկոծվելու» համար դիմեց ժողովրդական ասացվածքին՝ «գողն առաջինն է ասում գող, որ իրեն չկասկածեն» և իմիտացիա ստեղծեց, թե իբր իրենք միակը չեն, ովքեր բանակցությունների մեջ են իշխանությունների հետ։ 
Մի քիչ անտրամաբանական չէ՞, հարգելիներս, որ այս գործընթացի շրջանակներում, եթե պրն․ Ռուստամյանի ասածին հիմնվենք, ապա վաղուց և առանց խոչընդոտների, քանզի չէր լինի ուժ, ով իր հակազդեցությամբ պատնեշ կհանդիսանար իշխանության համար, Սահմանադրական բարեփոխումները արդեն իսկ ուժի մեջ կդրվեին և մենք Նախագահական կառավարման ձևից կտեղափոխվեինք Խորհրդարանականի, իսկ եթե այսքան ժամանակ դա տեղի չի ունեցել, սա փաստում է այն մասին, որ կապված այդ բարեփոխումների հետ՝ իշխանությունների որոշմանը դեմ դուրս եկած ուժերը չեն նահանջել, չեն գնացել բանակցությունների, ինչի արդյունքում այդ գործընթացը հետաձգվել է մինչև փետրվար-մարտ ամիսները։ Այս քայլով ՀՅԴ-ն գամվեց հակահասարակական ուժերի և դեմքերի ցուցապաստառին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել