Եվ այսպես վերսկսվեց խորհրդարանական ձանձրալի կրկես շոուն․․․նույն դերակատարները, նույն դրամատուրգիան և ոչ մի իմպրովիզացիա դերակատարների կողմից։ Անշուշտ, հայտնի փաստ է, որ մենք թատերասեր ժողովուրդ ենք և ժամանակին ունեցել ենք հայ թատրոնի լուրջ դեմքեր, ովքեր իրենց արվեստով կարողացել են նվաճել ժողովրդի սերն ու հարգանքը։ Այսօր էլ թատրոնը ապրում է, լավ վատ, սակայն ապրում է և բեմադրվում են ներկայացումներ, սակայն շատ հաճախ սոցիալական կացության պատճառով ոչ բոլորն են կարողանում ժամանակ և միջոցներ տրամադրել թատրոն հաճախելու համար և դրան մի պատճառ էլ կա՝առավոտից երեկո անվճար եթերում է հայ քաղաքական խորհրդարանական կրկես-շոուն, որը հայ հանդիսատեսի համար դարձել է ժամանցի լավագույն ձևը և կան գործիչներ, ովքեր լավագույնս են հանդես գալիս խորհրդարանական շոուներում։
Այն, որ Զարուհի Փոստանջյանը համարձակ ակտիվ կին է, դա բոլորս ենք գնահատում, այն, որ շատ հաճախ խորհրդարանում հենց ինքն է դրսևորում անհնազանդություն և ըմբոստություն ՀՀկ-ական օրինազանցությունների նկատմամբ, դա նույնպես գնահատում ենք, սակայն այնպիսի կրկնվող արարքները, որոնցից են խորհրդարանում Սերժ Սարգսյանին հայհոյելը՝հստակ իմանալով, որ խոսափողը անջատվելու է, իսկապես տրամաբանությունից դուրս են և անլրջություն են մտցնում թե խորհրդարանում, թե հասարակության մեջ։ Եթե դու գիտես, որ քո այդ խոսքերին ինչ է հաջորդելու, իմաստ կա արդյոք այդպես վարվելու" Ավելի նախընտրելի տարբերակ չի այդ ամենը հնչեցնել այն հարթակներում, որտեղ ձայնդ լիարժեք լսելի կլինի հասարակությանը և եթե ասելիքիդ մեջ իսկապես անկեղծ ես,ավելի հասանելի կդառնա հասարակական գիտակցությանը։ Այսպիսի խորհրդարանը անլրջացնում է ցանկացած ընդդիմադիր խոսք և դառնում անկշիռ։ Բոլորս կիսում ենք Զարուհու ասածները, սակայն եկեք մեր վարքով խորհրդարանը չվերածենք էժանագին կրկնվող շոուների․երկիրն այսօր կանգնած է լուրջ ազգային խնդիրների առջև և կարիք ունի լուրջ, խոհեմ և իսկապես այդ ամենով մտահոգ գործիչների, ովքեր պիտի ամեն ինչ անեն, որ ոչ թե անլրջացնեն իրենց ասելիքը, այլ թիրախավորեն հասարակական գիտակցության վրա ամենայն լրջությամբ։ Սա իմ բարեկամական խորհուրդն է պարզապես Զարուհուն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/314102895439987?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել