Cosmo.am-ը գրում է․
Հիշում ես, չէ՞, թե ինչ էր ասում Սոֆի Լորենը. «Հագուստը` մարդու էությունը բացահայտելու լավագույն միջոցն է»: Դե պատկերացրու` ինչ կարևոր դեր կարող է կատարել ճիշտ ընտրված օֆիսային dress-code-ը քո կարիերայում...
Աշխատավայրում բոլորը կձգտեն ընկերանալ քեզ պես «աստղով» աղջկա հետ, կոլեգաների շրջանում` ընկերների պակաս հաստատ չես ունենա: Ի վերջո, մեկ էլ տեսար, մի օր էլ ծառայողական սիրավեպ սկսվի` քո ու գրասենյակի ամենագեղեցիկ տղամարդու միջև :)
Գրի առավ` Մարգարիտա Եսոյանը
Նորաձևության էքսպերտ` Սիրարփի Ադամյան
Cosmo նորաձևության մասնագետի կարծիք
Office dress-code-ին համապատասխան հագուստ ընտրելիս` պետք է հիշես մի քանի հանգամանք. նախ, զգեստ կամ փեշ ընտրելիս` սահմանափակվիր ծնկից մի փոքր ներքև կամ անմիջապես վերև ընկած երկարություններով, ցայտուն բիժուտերիան ու մեծ լանջաբացվածքները ևս նպատակահարմար չեն: Վառ գույների հագուստը պահիր հանգստյան օրերին` ընկերների հետ ժամանցի համար, չնայած, պարտադիր չի, որ սև-սպիտակ և մոխրագույն-մոխրագույն գուներանգներն ընտրես: Մի շարք գույների` բալագույնի, կանաչի, կապույտի, նույնիսկ ոսկեգույնի խլացված գուներանգները կարող են բավական տեղին լինել, հատկապես, եթե սովոր ես հագուստից հաճույք ստանալ:
Կարող եմ առաջարկել կանանց համար մի ունիվերսալ տարբերակ, որը թույլ կտա միաժամանակ գեղեցիկ, կանացի և վստահ զգալ աշխատանքի վայրում, նաև հանդիպումների ժամանակ: Անպայման զգեստապահարանումդ ունեցիր մեկ զույգ փակ քթով կոշիկ, տարողունակ պայուսակ, բրդե կարդիգան, պարզ, բայց լավ գործվածքից կարված սև անթև զգեստ` գոտկատեղին` բարակ կաշվե գոտիով: Որպես պահեստային տարբերակ, կարող ես գնել նաև հասարակ ձևվածքի, բայց կազմվածքիդ համապատասխան սև բաճկոն, և տպավորիչ, բայց զուսպ կերպարը պատրաստ է:
Այժմ տեսնենք, թե աշխատավայրում ինքնարտահայտման ինչպիսի ոճ են նախընտրում մեր նյութի «գրասենյակային» հերոսուհիները:
Ինգա, թրեյնինգների մասնագետ, 26 տարեկան
Ամեն նոր աշխատանքային օրվա համար հագուստ ընտրելն ինձ համար բավականին լուրջ գործընթաց է: Մի պահ հիշում եմ բոլոր պլաններս, հանդիպումներս, ու ըստ դրա` ընտրում այդ օրվա հագուստն իր աքսեսսուարներով:
Հագուստս պետք է ներկայացուցչական լինի, ու անպայման իր մեջ սեքսուալության նոտաներ ունենա: Կնոջ գրավչությունը` ցանկացած պարագայում կարևոր է:
Որպես գրասենյակային dress-code, նախընտրում եմ էկլեկտիկ ոճը: Չեմ խուսափում գույների խառնուրդներ անելուց, միգուցե այն պատճառով, որ չեմ վախենում աշխարհով մեկ գոռալ, որ այդ օրը պատրաստ եմ ցանկացած սուր արարքի: Օրինակ, գործընկերներիս շատ է դուր գալիս, երբ փոխկապ եմ կրում:
Չեմ մոռանում ուշադրություն դարձնել նաև սանրվածքիս ու դիմահարդարմանը, որը սովորաբար շատ զուսպ է լինում ու ոչ երեկոյան, ինչպես սովոր են անել երիտասարդ աղջիկների մեծ մասը:
Մարինա, մենեջեր, 23 տարեկան
Հագուստ ընտրելիս առաջնահերթ նայում եմ` որքանով է սազում այն ինձ, իհարկե, հետևելով նաև նորաձևության տենդենցներին, բայց ոչ կուրորեն, քանի որ գտնում եմ` հագուստն իրականում պետք է ընդգծի մարդու անհատականությունն ու ճաշակը, լինի կանացի և համապատասխանի այն կրելու միջավայրին, օրվա կտրվածքին և բնականաբար, յուրաքանչյուրիս մարմնի կառուցվածքին:
Ելնելով աշխատավայրում հագնվելու չափանիշներից և էթիկայից` առավելապես նախընտրում եմ դասական հագուստ, որը երբեմն լրացնում եմ հետաքրքիր և գունավոր աքսեսսուարներով, որոնք, անխոս, շատ կարևոր են, և գրագետ ու ճիշտ օգտագործման դեպքում` անգամ բազմիցս կրած հագուստին հաղորդում են նոր և հետաքրքիր տեսք:
Հ.Գ. Եթե անհրաժեշտ գիտելիքներ և աշխատելու մեծ ցանկություն չունես, չի փրկի նույնիսկ ամենահրաշագեղ փեշն ու կատարյալ կոշիկները: Բայց պետք էլ չի մոռանալ, որ աշխատավայրում հաջողություններ ունենալու, վստահություն և հարգանք ներշնչելու լավագույն միջոցներից մեկը նաև dress-code-ն է: