Panorama.am-ը գրում է․
«Սահմանադրության նկատմամբ վստահության ձևավորման հարցը, որպես կենսական նշանակություն ունեցող փաստաթղթի, ուշադրությունից դուրս է: Այս պահին Սահմանադրության նկատմամբ հարգանք չկա»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ Սահմանադրության փոփոխությունը գտնվում է ըստ քաղաքական նպատակահարմարության, առանձին կուսակցական խմբերի շահերից բխող դիտարկման դաշտում, կառավարման նախագահական, խորհրդարանական համակարգին դեմ կամ կողմ լինելու հանգամանքն էլ քաղաքական ուժերը ձևակերպում են ըստ իրենց նպատակահարմարության:
«Իսկ հանրությունն այդ փոփոխություների իմաստը չի տեսնում: Սահմանադրական բարեփոխումները որևէ կերպ չեն առնչվում հանրության շահերի հետ»,- ասաց Ա. Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով, ամենից կարևոր մոտեցումը, որն ամրագրված է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ, սահմանադրական փոփոխություններ իրակացնելու համար հանրային կոնսենսուսն է և հանրային ընկալումը, Վենետիկի հանձնաժողովն ամրագրում է նման փոփոխություն իրականացնել՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակ:
«Այդ տեսակետից միանշանակ գտնում եմ, որ Հայաստանում այսօր սահմանադրական փոփոխությունների իրականացման հանրային պահանջարկ կամ հանրային ընկալում գոյություն չունի: Սահմանադրությունը որպես կենդանի փաստաթուղթ, կենսական նշանակություն ունեցող նորմերի համախումբ, գոյություն չունի: Արդյո՞ք իրավական նորմերի փոփոխությունները կարող են հանրային ընկալումը փոխել Սահմանադրության նկատմամբ, գտնում եմ՝ ոչ, ավելին՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոտեցումները միանշանակ ուղղված են գոյություն ունեցող փաստացի իրավիճակն ամրագրելուն, հավերժացնելուն, իրավական ուժ տալուն: Եթե հիմա մենք գործող Սահմանադրության միջոցով կարող էինք չափել և գնահատել, որ շատ սահմանադրական նորմեր, իրավահարաբերություններ են խախտվում, ապա փոփոխվող հայեցակարգով այնպիսի մի համակարգ կունենանք, որով այդ չափելն էլ կլինի դժվար: Խոսքը վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին»,- ասաց Ա. Սաքունցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



