Cosmo.am-ը գրում է․
Ընդամենը 3 հարց, և դու կարող ես կոնկրետ պատկերացում կազմել զուգընկերոջդ մասին: Մնում է միայն պարզել` որոնք են այդ հարցերը: Հա, և մի բան էլ. բոլորովին պարտադիր չէ հոգեբան լինել՝ այդ հարցերը տալու համար:
Չորրորդ ժամադրությունը համարվում է սահմանային. դա այն գիծն է, որին հասնելիս ստիպված ես լինում որոշել` լրջացնել հարաբերությունները, թե հետ կանգնել: Փոքրիկ հնարքով կարող ես նրա մասին շատ բան ճշտել: «Ուղղակի պետք է իմանալ, թե ինչպես հարցնել և ինչ փնտրել նրա պատասխանների մեջ»,- ասում է հոգեբանության դոկտոր Դեբի Մագիցը: Ուստի ժամանակդ կողմնակի հարցաքննությունների վրա վատնելու փոխարեն իմացիր հետևյալը:
Ինչպիսին է նա աշխատանքում
Սեփական կարիերայի հանդեպ վերաբերմունքից կարելի է հասկանալ` ձեր հարաբերությունները հալած յուղի պես կընթանան, թե՞... Ամենակարևոր հարցը, որ պետք է տալ, հետևյալն է. «Քեզ դո՞ւր է գալիս այն, ինչով զբաղվում ես,- ասում է հոգեբանության դոկտոր Բոբ Բերկովիցը` «Ինչու են տղամարդիկ հրաժարվում սեքսից» գրքի համահեղինակը: - Նրա պատասխանից այնքա՜ն բան կարելի է իմանալ»: Ենթադրենք` համատեղ կյանքի մասին քո պատկերացումները ռոմանտիկ ընթրիքներն ու հաճախակի զբոսանքներն են:
Եթե նա շարունակ աշխատանքի մասին է խոսում ու շեշտում է աշխատավայրում անցկացրած հավելյալ ժամերը, ուրեմն ժամանակն է նրան հրաժեշտի համբույր տալու: Կամ գուցե դու երազում ես մեծ քաղաքում ապրել, իսկ նա, պարզվում է, ձգտում է իր ագարակից կառչել ու սեփական բիզնեսով զբաղվել: Հիմա լա՞վ է, որ ամեն ինչ իմացար:
Ինչպիսին են եղել նրա վերջին հարաբերությունները
Որքան էլ անհարմար կամ տհաճ է, նախկինների մասին խոսակցությունն օգնում է գուշակել, թե ինչպես նա կպահի իրեն այս կամ այն իրավիճակում: Փորձիր ինֆորմացիա կորզել նրանից հաճոյախոսության միջոցով. «Դու այնքան լավն ես: Զարմանում եմ` նախկին ընկերուհիդ ինչպես կարող էր հրաժարվել քեզանից»: Այս հաճոյախոսությանը հաստատ կհետևի բուռն քննարկումը: Հասուն, խելացի տղամարդը, մինչև բացատրելը, թե ինչու իրենց մոտ ոչինչ չստացվեց, հաստատ կթվարկի նախկին ընկերուհու լավ հատկանիշները: Եթե ընթացքում խոժոռվի, գլուխն անընդհատ տարուբերի կամ կոպիտ մեկնաբանություններ անի, հավանականությունը մեծ է, որ խնդիրը նրա անհանդուրժողականությունն է եղել:
Ինչպես է նա վերաբերվում պարտքին
Նախ` ասենք, որ պարտքն այնքան էլ վատ բան չէ: Եթե տղան ուսանողական վարկ է վերցրել, սա «խելամիտ» պարտք է, ներդրում, որն ապագայում կփոխհատուցվի: Ա՛յ, կասկածամտությամբ վերաբերվիր այն տղային, ով 80 սմ պլազմային էկրանով հեռուստացույց է պարտքով գնել միայն այն պատճառով, որ պետք է ունենար... ու հիմա էլ պատրաստվում է պարտքով iPhone 5 գնել: «Փողը տնօրինելու ձևն ավելի լավ է բնորոշում մարդուն, քան փողն ունենալը,- զգուշացնում են հոգեբանները: - Դա նրա պարտաճանաչ լինելու և պատասխանատվության զգացում ունենալու մասին է վկայում»:
Եվ բոլորովին պարտադիր չէ ուղղակիորեն հարցնել նրա ֆինանսական վիճակի մասին։ «Այնքան ուրախ եմ, որ վերջապես փակեցի վարկս: Դու նման պարտքեր չունե՞ս». այս կամ նմանատիպ մեկ այլ հարցը բավական է, որ նա սկսի խոսել: Եթե մատների արանքով է նայում պարտքերին, ուրեմն ժամանակն է նրան հրաժեշտ տալու: