Հիշո՞ւմ եք՝ 2007-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չէր վերադարձել, «Իմպիչմենտ» դաշինքից էլ առաջ ընդդիմության կոնսոլիդացիայի հիմնական առանցքը արևմտամետությունն էր։ Ընդդիմություն ասելով՝ նկատի չունեմ էն ժամանակ էլ իշխանության հետ խաղընկերային հարաբերություններ ունեցող, պաշտոնական, պսեվդոկուսակցական ընդդիմությունը, որտեղ էլի հստակ ռուսական կողմնորոշմամբ գեղամյաններն ու արամ գասպարիչներն էին դերերը կատարում։ Նկատի ունեմ՝ հասարակության ընդդիմադիր հատվածը և որոշ մարգինալացված կուսակցություններ։ Մենք բոլորս հասկանում էինք, որ Օսկանյանի »կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությունը իրականում հստակ ռուսամետ ու ռուսական շահը սպասարկող քաղաքականություն է, և որ սրընթաց կերպով Հայաստանն ընթանում է դեպի գաղութացում։ Այն ժամանակ այ էս օրը արդեն երևում էր հորիզոնում, ու մենք սարսափում էինք մտածել էս օրվա մասին։ Եվ ոչ թե սոցիալական խնդիրները, ինչպես այսօր, այլ հենց այդ սարսափն էր մարդկանց հանել հրապարակ։ Մարդիկ դուրս էին եկել ոչ թե էլեկտրաէներգիայի ու գազի գների թանկացման դեմ, ոչ թե որովհետև չէին կարողանում հոգալ իրենց հացի խնդիրը, այլ որովհետև հասկանում էին՝ երկրի անկախությունը վտանգված է, օրվա իշխանությունը մեր ազատ-անկախ հայրենքը քիչ-քիչ դարձնում է ռուսական գուբերնիա։  Մարդիկ ուզում էին, որ իրենք և իրենց սերունդները արժանապատիվ ապրեն այս հողի վրա, որքան էլ հիմա այս բառերն այլևս այլ՝ հիմնականում կենցաղային բարեկեցության հետ զուգորդվող իմաստ ունեն։ Ահա այդ ալիքի վրա էր, որ վերադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա և ՀՀՇ-ի այլ հայտնի դեմքերի վերադարձը գործնականում անհնար կլիներ, եթե նրանք չընկալվեին որպես արևմտամետ գործիչներ։ Ես շատ լավ եմ հիշում, քանի որ իրադարձությունների անմիջական մասնակիցն եմ եղել, հիշողությունից էլ չեմ կաղում։ Հիշում եմ նաև այն շրջադարձային պահը, երբ Լևոնը բացեց իր խաղաքարտերը և սկսեց ռուսահաճո հայտարարություններ անել։ Դա ռուս-վրացական պատերազմին հաջորդած հանրահավաքն էր, երբ արդեն ռուսամետությունը հնարավոր էր սկսել ձերբազատել բացասական իմաստներից՝ ի վերջո ձևակերպելով որպես փոփոխված աշխարհում հայ ժողովրդի գոյատևման պահանջ։Ինչևէ, 2007-ին հիշո՞ւմ եք ինչ զանգված կար Ազատության հրապարակում։ Ես չեմ ուզում ասել, թե բոլոր այդ մարդիկ Հայաստանի ապագան տեսնում էին եվրոպական պետությունների ընտանքում, բայց մեզ միավորել էր այն, որ մենք երկրի ապագան չէինք ուզում տեսնել ռուսական կայսրության ծիրում, որը վերականգնվելու կոնկրետ շարժումներ էր անում։

Այսօր «արևմտամետ» բառը ծաղրական պիտակ և հայհոյանք դարձրած, պստիկ ուղեղներով, ուղնուծուծով գավառացի և իրենց գավառացի լինելուց կոմպելքսավորված քաղքենիները փորձում են իրենց այդ հատկանիշները վերագրել մարդկանց, ում համար արևմտամետությունը եղել է ու կա ոչ թե պրեստիժի ու մոդայի հարց, ոչ թե զարգացած ու առաջադեմ երևալու միջոց, ինչպես իրենց պարագայում, այլ կոնկերտ պատմական համատեքստում ռուսական ահագնացող ազդեցությունը Հայաստանի վրա զսպելու, բալանսավորելու և հայրենիքի անկախության պահպանման հարց։ Ավելի պարզ ասեմ՝ 2007-ին Ազատության հրապարակ դուրս եկած ահռելի զանգվածը ոչ թե արևմտամետ էր, այլ ռուսախույս (որպեսզի չօգտագործեմ ռուսատյաց բառը, որ էս դեպքում ճիշտ չէ)։

Արդեն քանի օր է՝ ինձ հանգիստ չի տալիս այս հարցը, թե ինչ պատահեց այդ զանգվածին, որ նրանից այսօր ողջ են միայն մի քանի տասնյակ մարդ՝ էն էլ «ջղաձգվող», որ նույնն է, թե կիսամեռ են։ Ու ինչքան մտածում եմ, էնքան ավելի կպչուն ու համոզիչ է թվում վարկածը, որ 2007-ին սկսված շարժման նպատակը ոչ թե իշխանափոխությունն էր, ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության անմխիթար վիճակը բարելավելն էր, այլ այ էդ՝ ոչ մի տեղից գոյացած, Հայաստանի իրական անկախականների զանգվածի վրա վերահսկողություն սահմանելը, զսպելով, համոզելով,պառակտելով, մաշացնելով նոսրացնելը, ի վերջո ոչնչացնելը և Հայաստանը նախապատրաստելը անցավ էվթանազիային։

Դե ինչ, նպատակը իրագործված է, հանձնարարությունը՝ կատարված, պարգևատրումները՝ հաջորդիվ։ Այս հրապարակում կասկածող կա՞։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել