Ռուսաստանը վերջապես պիտի հասկանա, որ եթե ինքն ունեցել էլ է, ապա վաղուց կորստյան է մատնել Արարչականորեն իրեն շնորհված քաղաքակրթական նախասահմանվածությունները: Արդյունքում Ռուսաստանը վերածվել է ընդարձակ տարածք, հարուստ ընդերք, բազմազգ ժողովուրդ և իհարկե մեծաքանակ զենք-զինամթերք ունեցող մի միավորի, ում այսօր ով ասես վրան մատ թափ տալով ՛՛խելք է սովորեցնում՛՛: Ռուսաստանն, ի դեմս պետականաստեղծ Ռուս ժողովրդի, մոռացության է մատնել իր կարևորագույն ուղենիշները, իր հիմնարար հոգևոր արժեքներն ու առաքինությունները, գլխավորագույն նպատակները, պետության ու ժողովրդի գոյության համար կենսական նշանակություն ունեցող գլոբալ գաղափարները, ինչի հետևանքով վեր է ածվել անդեմ, բացառապես իր մարմնավոր պահանջների բավարարման մասին մտածող ՛՛սպառողական հասարակությամբ՛՛ բնակեցված մի գոյացության:
Ռուսաստանը մահացել է ոգեղենորեն, որին աներկբայորեն հաջորդելու է ֆիզիկական վախճանը: Սա աքսիոմա է:
Իր անցած-գնացած հզորության ու կորսված ազդեցությունների վերականգմանն ուղղված հոգևոր առանցքից զուրկ և ոգեղենության որևէ լիցք չպարունակող տարանուն միջազգային կառույցների ստեղծման Ռուսաստանի այսօրվա շարժմունքները, ոչ այլ ինչ են, եթե ոչ ժամանակի անօգուտ վատնում:
Ռուսաստանը, սեփական կործանումը կանխելու, պետականության մեռնող մարմինը վերակենդանացնելու միայն մեկ ճանապարհ ունի:
Քանի դեռ ուշ չէ, նա պիտի փորձ անի հարություն տալ սեփական հոգևոր արժեքներին, պիտի վերածնի սեփական ազգային գաղափարն ու վերակրթելով սեփական ժողովրդին, հավասարը հավասարի համագործակցելով ԷՈՒԹՅԱՄԲ եղբայր համարվող ժողովրդների հետ միասնաբար փորձի գտնել այս ինքնասպառված աշխարհը կործանումից փրկելու և նոր՝ ՛՛ճիշտ աշխարհ՛՛ կառուցելու միակ ճշմարիտ ՈՒՂԻՆ: