Armnewstv.am-ը գրում է․
Եվրախորհրդարանում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի բարեկամության խումբ: Սա առաջին դեպքն է, երբ Արցախի հետ բարեկամական խմբում ներգրավվում են Եվրամիության տարբեր երկրների պատգամավորներ` քննարկելու Ղարաբաղի և ամբողջ տարածաշրջանի ապագան:
Ֆրանսիայի և Լիտվայի ազգային խորհրդարաններից հետո Լեռնային Ղարաբաղի բարեկամության միջազգային առաջին խմբին միանալու ցանկություն են հայտնել ԵՄ անդամ երկրների բազմաթիվ պատգամավորներ: Խմբի գործունեության մեկնարկը տրվել է Եվրախորհրդարանում Արցախի անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ, որին մասնակցել են Եվրախորհրդարանի պատգամավորներ, հյուրեր Հայաստանից և Արցախից: Բարեկամության խումբը կգլխավորի ԵԺԿ-ն ներկայացնող Ֆրենկ Էնգելը:
-Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խմբեր կան մի քանի երկրների խորհրդարաններում, այդ թվում ԵՄ անդամ պետություններում, օրինակ` Ֆրանսիայում: Բարեկամության խումբը քաղաքականություն որոշող մարմին չէ, բացի այդ, մենք Մինսկի խումբ չենք և չենք պատրաստվում միջամտել նրանց գործերին: Բարեկամության խումբը, որին ցանկություն են հայտնել միանալ Եվրախորհրդարանի բազմաթիվ անդամներ, նպատակ ունի ավելի մոտ կապեր հաստատել Եվրամիության և Լեռնային Ղարաբաղի միջև, - ասել է Ֆրենկ Էնգելը:
Խմբի նպատակներից է լինելու Եվրոպական ծրագրերին և միջազգային ֆորումներին Արցախի մասնակցության ապահովումը:
- Մենք ցանկանում ենք բարձրացնել Ղարաբաղի վերաբերյալ իրազեկման մակարդակը, քանի որ Լեռնային Ղարաբաղն ի վերջո ժողովրդավարական պետություն է և իրեն հենց այդպես է դրսևորում, - ասել է Ֆրենկ Էնգելը:
Բարեկամության խումբը ձևավորվել է Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության աջակցությամբ, կառույցի տնօրենի խոսքով` խումբը նախկինում կայացած իրադարձությունների տրամաբանական շարունակությունն է: Ավելի վաղ Եվրախորհրդարանը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Մինսկի խմբին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Եվրախորհրդարանում Արցախի բարեկամության խումբը նույնպես պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ:
Տեսանյութն՝ այստեղ