Երևանի տարեդարձի օրը բարեկամիս ավտոյով երկու անգամ երկարատև խցանման մեջ մնացի: Վառելանյութի, ժամանակի կորուստ, նյարդայնություն, այլ մեքենայի հարվածելու վտանգ, եթե մի վայրկյան կորցնես զգոնությունդ, ավտոմասերի անիմաստ մաշում, միջավայրի ակամա աղտոտում...
Երբ ավտոանիվը խաչմերուկում թեթևակի հատում է հոծ գիծը, մեքենայատիրոջը տուգանք է հասնում. ոչ մի ներում, փորձիր չմուծել: Իսկ այս դեպքու՞մ - ինչու՞ քաղաքացու կրած վնասի համար ոչ ոք չի փոխհատուցում...
Ինձ ասացին՝ Երևանի կենտրոնում այդպես է գրեթե միշտ. մի օր իշխանավորի շարասյունն է լինում պատճառը, մեկ այլ անգամ՝ ավտովթարից հետո ապահովագրության գործակալի ժամանմանն սպասելը, երրորդ դեպքում՝ շիննորոգումը...
Ի դեպ, նյութը երեկ երեկոյան սկսեցի, բայց... անսպասելի լույսերը գնացին, շարադրածս էլ համակարգչից կորավ: Որպեսզի էլցանցի աշխատողները սույն թռուցիկ անդրադարձը լրագրողական հնարանք չորակեն, հավելեմ՝ Ավանում եմ բնակվում, Չարենցի թաղում, որը, ի տարբերություն մնացյալի, լույսերի տալուց հետո ևս մեկուկես ժամ մնաց խավարում...
Դե, դա՝ ոչինչ, սովոր ենք, սառնարանն էլ չի տրաքվում, որ ասեմ՝ ուտեստը փչացավ, բայց հարցս կրկնեմ՝ ինչու՞ պետք է քաղաքացին ամեն թերացման համար պատասխան տա, տուժի, իսկ քաղաքային իշխանությունը, ծառայությունները, մեծ հաշվով՝ պետությունը՝ ամենևին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել