ArmnewsTV.am-ը գրում է․
Կոբանիում «Իսլամական պետություն»-ը աստիճանաբար զիջում է դիրքերը: ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան ավելացրել է ավիահարվածները Կոբանիի շրջակայքում, քրդերն էլ օդային աջակցության պայմաններում կարողացել են մի քանի կարևոր բլուրներ ազատագրել: Ռազմական գործողություններն ընթանում են ավելի շատ քաղաքի արվարձաններում: Միևնույն ժամանակ Սիրիայի և Իրաքի քրդերի քաղաքական ղեկավարները հավաքվել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում: Քննարկվել է ահաբեկիչների դեմ գործողությունների հետագա ընթացքը, Թուրքիայի հնարավոր ներխուժումը Սիրիա: Սիրիայի քրդերը վերահաստատել են, որ դեմ են Թուրքիայի այս մտադրությանը:
Պայքարն ընթանում է ահաբեկիչների և քրդերի միջև, սակայն ուշադրության կենտրոնում մնում է Թուրքիան: Կոբանիում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են Թուրքիայի թե ներքին, թե արտաքին քաղաքականության վրա: Անկարայում է ԱՄՆ ռազմական պատվիրակությունը, որը պետք է Անկարային համոզի ակտիվ ներգրավվել կոալիցիայի գործողություններում: Էրդողանի իշխանության ահաբեկիչներին ռազմական օգնություն տրամադրելու փաստերը դարձել են ընդդիմության գլխավոր խաղաքարտը: Գլխավոր ընդդիմադիր` Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը պատասխանել է վարչապետ Դավութօղլուի հայտարարությանը, թե երբ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է «Իսլամական պետության»-ը աջակցելու համար, դավաճանում է Թուրքիային: Դավութօղլուն պահանջել էր նաև, որ ընդդիմությունը փաստեր ներկայացնի:
Թուրքիային են մեղադրում նաև Հայաստանի քրդերը: Մեր երկրի քրդական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել, որի ընթացքում դատապարտել է Սիրիայի հյուսիսում կատարվող մարդկության դեմ հանցանքները, դրանց նկատմամբ որոշ երկրների անտարբերությունը: Հայաստանի քրդերը կոչ են արել միջազգային հանրությանը աջակցել Սիրիայի քրդերին:
Փարիզում հանդիպել են Լավրովն ու Քերին: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ աշխարհն ավելի անվտանգ կդառնա, եթե Մոսկվան ու Վաշինգտոնը համագործակցեն: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կփոխանակեն «Իսլամական պետության» վերաբերյալ հետախուզական տվյալները: Մոսկվան առայժմ չի հայտնել ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիային միանալու ցանկության մասին, բայց ուսումնասիրում է իրաքյան բանակի զինվորներին մարզելու և զինելու տարբերակը:
Տեսանյութը՝ այստեղ