Cosmo.am-ը գրում է․
Դու վստահ ես, կամ, լավ, հույս ունես, որ ձեր հերթական վեճից հետո նա կհասկանա իր սխալը, կընդունի այն ու կփոխվի: Կարծո՞ւմ ես: Ինչքան որ նա է սխալվում, մտածելով, թե դու միշտ հնազանդ ես լինելու ու զիջելու ես իրեն, նույնքան էլ դու ես սխալվում, որ նա կփոխվի, նույնիսկ հանուն քեզ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ նա չի ընդունում իր սխալը: Ուղղակի փորձիր այլ մոտեցում գտնել:
Նախ, մեկընդմիշտ համակերպվիր այն մտքի հետ, որ քո տղամարդը մնալու է այն, ինչ եղել է ու կա: ՆԱ արդեն ձևավորված անհատականություն է, ասեմ ավելին, մարդու բնավորության 90%-ը ձևավորվում է դեռ բեղմնավորման շրջանից: Դու չես կարող փոխել մարդուն ու իր հին սովորությունները, բայց կարող ես փոխել քո մոտեցումը, ինչը ոչ պակաս կբարելավի ձեր հարաբերությունները:
Արժանանալ, ոչ թե պահանջել - 32-ամյա Տիգրանը պատմում է. «երբ դեռ ընկերություն էինք անում կնոջս հետ, նա ինձ համար փխրուն արքայադուստր էր, որից միայն ջերմություն ու սեր էի ստանում: Ու ինձ մոտ ցանկություն է առաջացել ապահովել նրան իմ ունեցած ու դեռ չունեցած լավագույնով, ես սկսեցի ավելի շատ աշխատել ու վաստակել, բայց, վստահ եմ, եթե ինձնից ուղղակի պահանջեին, ես տեղիցս անգամ չէի շարժվի»: Տղամարդը մտածում է` եթե իրեն չես հավանում այնպիսին, ինչպիսին նա կա, դա արդեն քո խնդիրն է, քեզ ոչ ոք չի ստիպում իր հետ լինել:
Մենտալիտետ - Հայ իրականությունում այս երևույթը մեծ դեր է խաղում: Գուցե նա ակնկալում է, որ հիմնականում դու ես սեղան դնելու, հավաքելու, մաքրություն անելու ու երեխաներին մեծացնելու,ԲԱՅՑ նա երբեք թույլ չի տա, որ դու իր փոխարեն վճարես ռեստորանում, կամ հագուստի սրահում, անհրաժեշտության դեպքում քեզ բժշկի մոտ կտանի ու կհոգա քո մասին: Ինչքան էլ ազատամիտ լինես, այնուամենայնիվ հարաբերությունների մեջ լինում է պարտականությունների բաժանում, ու յուրաքանչյուրն անում է այն, ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում:
Փոխադարձ գործարք - Անձնական փորձից ելնելով, կարող եմ քեզ վստահ ասել, որ սա աշխատում է: Եթե նա չի անում այն, ինչ իր պարտականությունն է, դու էլ կարող ես մի քանի անգամ բացահայտ չանել քոնը: Ու երբ նա փորձի նկատողություն անել այդ հարցով, այստեղ դու կասես քո խոսքը: Քո վերաբերմունքը իր վերաբերմունքի պատասխանն է, թող ինքը հարգի քո պահանջները, դու էլ կհարգես իրենը: Մի մոռացիր` հարաբերություններ ունենալը աշխատանք է, ուղղակի մի փոքր ավելի բարդ... ;)