Քանի որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից անմիջապես հետո սկսել են շահարկումներ՝ կապված մասնակիցների իրական թվի հետ, հարկ եմ համարում անդրադառնալ այս թեմային, որովհետև մոտս տպավորություն է, թե Եռյակի որոշ ուժերում անկեղծորեն կարծում են, որ ժողովուրդը էշ է ու 100 անգամ նույն փլավը կարող է ուտել։
Ուրեմն, սիրելի ընդդիմադիրներ, հիմա էլ 90-ականները չեն ու անգամ 2000-ականները չեն, որ հանրահավաքների մասնակիցների կանակը աչքաչափով ասես։ Իրականում այսօր կան մասնակիցների քանակը բավականին ճշգրտորեն որոշելու մի քանի մեթոդներ՝ սկսած բարձր տեխնոլոգիական, վերջացրած դպրոցական մաթեմատիկական հաշվարկման մեթոդներով։
Քանի որ ես արբանյակային միջոցներ չունեմ իմ տրամադրության տակ, ոչ էլ տիեզերքից արված լուսանկարներ, ապա բարձր տեխնոլոգիական եղանակը մոռանում ենք ու դիմում ենք պարզ հաշվարկների մեթոդին։
Ազատության հրապարակ ու դրա հարակից տարածքների՝ սրճարանների, կարապի լճի ու կածանների, ընդհանուր մակերեսը մոտ 11.5 հազար քառակուսի մետր է՝ ներառյալ խոտածածկերը, կարապի լճի ջրով լցված ավազանն ու սրճարաններն՝ իրենց գույքով։ 1 քառակուսի մետրի վրա, եթե տոլմայի պես իրար կպնեն ու շարժվելու տեղ չլինի, կարող է տեղավորվել 3-4 մարդ։
Հիմա եթե 11.5 հազարից եթե հանում ենք խոտածածկ, սրճարանային ու ջրածածկ տարածքները, ապա տակը մնում է մի 6-7 հազար քառակուսի մետր։ Ցանկացած տեսանյութ, որտեղ երևում է հանրահավաքի պանորամիկ պատկերը, ցույց է տալիս, որ 3-4 խտությունը մենակ տրիբունի անմիջական հարևանությամբ է, իսկ ասենք Կարապի լճի՝ Տերյան փողոցին հարող մասը գրեթե դատարկ է, իսկ Ազատության հարապարակի արձաններից դեպի թումանյան ընկնող հատվածը ծանծաղ է ու մարդիկ ազատ զբողնում են խմբերի արանքում։
Ուստի, եթե ստացված թվերը իրար հետ ենք համադրում ու միջինացնում ենք մարդկանց խտությունը, ապա ստացվում է որ 6-7 հազար քառաուսի մետրը պետք է բազմապատկենք 2.5 խտության միջինացված գործակցով, որի արդյունքում ստանում ենք 14-17 հազար... Այնպես որ Եռայակի հնչեցրած թվերը՝ 30-40 հազար մասնակիցների մասին, պարզապես միֆ են ու երևակայության արգասիք։