Cosmo.am-ը գրում է․
Վստահաբար կարելի է ասել, որ տղայի համար «հաջողված ժամադրություն» ասվածը չի սահմանափակվում աղջկական սերիալ դիտելով: Սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին հարցումները, կա տղային հաճոյանալու մի քանի տարբերակ, որոնց մասին դու, թերևս, երբեք չես մտածել: «Այս երեք գործողությունները կստիպեն նրան հալվել ու վերջնականապես տարվել քեզնով»,- հուշում է հարաբերությունների փորձագետ Մեթյու Հասին:
1. Հեռախոսդ պայուսակից չհանելը
Այո՛, այո՛, դա շատ բանի մասին է խոսում: Երբ դու ժամադրության ընթացքում տարված չես հեռախոսովդ հաղորդագրություններ ուղարկելով, տղայի ինքնագնահատականն ակամայից բարձրանում է: Դա վկայում է, որ քեզ հետաքրքիր է հենց նրա հետ ժամանակ անցկացնելը, այլ ոչ թե հանդիպման ընթացքում վերջին տեղադրածդ լուսանկարի «like»-երը հաշվելը: Ներկայիս տեխնիկապես գերհագեցած ու անսահման հնարավորություններ ընձեռող իրականության մեջ երիտասարդի հետ զրույցով տարվելն ամենամեծ հաճոյախոսությունն է, որ կարելի է անել նրան:
2. Հաջորդ ժամադրության համար վայր ընտրելը
Ժամանակ առ ժամանակ բոլոր տղաներն էլ հոգնում են անվերջ երևակայություն դրսևորելուց ու հանդիպումների համար հարմար վայր կամ զբաղմունք մտածելուց: Երբ դու նախաձեռնությունը ձեռքդ ես վերցնում, օգնում ես նրան փոքր-ինչ լիցքաթափվել ու ավելի մեծ հաճույքով քեզ հետ ժամանակ անցկացնել: Իսկ ինչպես բոլորիս հայտնի է, տղաները շատ բարձր են գնահատում այն աղջիկներին, ում ընկերակցությամբ իրենց ազատ ու անկաշկանդ են զգում:
3. Քեզ ուշադրության նշաններ ցուցաբերող երիտասարդների մասին նրան պատմելը
Տղաներին դուր է գալիս այն հանգամանքը, որ իրենց համակրած աղջիկն այլ երիտասարդների ուշադրությունն էլ է գրավում: Ինչո՞ւ: Մի կողմից՝ դա ցույց է տալիս, որ այդ աղջիկը գրավիչ է ու համակրելի, մյուս կողմից՝ դա ենթագիտակցորեն հուշում է տղաներին, որ իրենց ընտրությունը ճիշտ է, և իրենք գտել են ամենալավ աղջկան: Դե ի՛նչ, չզրկենք նրանց այդ փոքրիկ ուրախությունից: