Արդեն կարելի է պաշտոնապես արձանագրել, որ Եռյակը եթե կրկին չի էլ տրոհվել, ապա շատ մոտ է դրան։ Ըստ երևույթին, մոտ օրերս կիմանանք, որ Ժառանգությունն էլ է դուրս գալու Եռյակից ու տակը մնում է ո՞վ՝ ԲՀԿ-ն ու ԲՀԿ-ի անձնական օգտագործման ՀԱԿ-ը։
Ինչո՞ւ այսպես եղավ։ Նախևառաջ ես պայամանավորում եմ Եռյակի ֆիասկոն՝ դրա ղեկավարների հիասթափության հետ, որովհետև ակնհայտ էր, նրանք չէին սպասում, որ այդքան չարչարանքից հետո ընդամենը 14-17 հազար մարդ կհավաքվի։ Դա ակնհայտորեն այն թիվը չէ, որով կարող ես թուր ճոճել իշխանությունների դեմ։
Թիվն այնքան քիչ էր, որ անգամ չէր կարող արդարացնել այն իմիջային ռիսկերը, որին գնաց Ժառանգությունը՝ համագործակցելով դեռ ամիսներ առաջ նույն Ժառանգության հասցեին ինչ ասես ասող ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ՝ ում հասցեին ինչ ասես ասում էր Ժառանգությունը։
Արդյունքում, ակնհայտ է, որ ԲՀԿ-ի ավտոբուսներով բերած մարդկանցից զատ, չկա այնքան մարդ, որոնց հաշվին կարելի էր ամրացնել սեփական էլեկտրոալ բազան ու այս պահին չեմ տեսնում ոչ մի շահ Ժառանգության համար, որպեսզի նա շարունակի այս անբնական դաշինքում իր մասնակցությունը։
Դե իսկ ՀԱԿ-ի վիճակը ավելի վատ է, որովհետև իզով-թոզով ծախվել են ԲՀԿ-ին ու հիմա չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի, որպեսզի Զուրաբյանի կամանդը իր նախաձեռնությամբ հրաժարվի այդ համագործակցությունից։ Ի թիվս այլ բաների, դա կբերի նրան, որ կուսակցական ապարատում աշխատող մարդիկ պարզապես կդադարեն աշխատավարձ ստանալ։
Տակը մնում է ԲՀԿ-ն ու ողջ հարցը կայանում է, թե ԲՀԿ-ի ինչին է պետք լինելու միայնակ շարունակել այս թատրոնը, դեռ դրա համար էլ չեղած տեղից հավելյալ ծախս վերձնելով իր ուսերին՝ ի դեմս ՀԱԿ-ի։