Մինչ այդ անբացատրելի-անհասկանալի առեղծված էիր՝ հորիզոնների շրջանակների մեջ նկարված, առավոտյան շամանդաղի մեջ լողացող...
Անհաս էիր, հեքիաթ էիր, առասպել էիր՝ պոկված Ռուսայից, Մենուայից ու Արգիշտիից...
Հետո դարձար փողոց ու հրապարակ իմ գիտակցության մեջ, դարձար բնակելի տուն, դարձար աշխարհի չափ սիրելի մի անկյուն՝ Նալբանդյան փողոցով ու Ազիզբեկովի հրապարակով, կինո Մոսկվայում...
Դարձար ինձ համար պատանեկություն ու երիտասարդություն, դարձար Իսահակյան փողոց, որի մի կարմրավուն քառահարկ շենքի առաջին հարկում ծվարած սենյակում, որը լսարան էր կոչվում, խոստացար ինձ լույս ու թռիչք տալ...
Այդ սենյակում ինձ նման էլի թռիչքի կարոտ մարդիկ կային՝ Գարուշ Հարյանց, Լևոն Մկրտչյան, Կարինե Բաբայան, Դերենիկ Յափունջյան, Արամ Արզումանյան, Նելսոն Զաքարյան, Արմեն Բայաթյան, Վոլոդյա Դանիելյան, Վարուժան Ֆրունջյան, Եղիա Աճեմյան...
Հետո նորից կարոտ դարձար, դարձար հեռացող ջրաներկ...
Բայց միշտ իմ մտքերի հետ եղար, ինձ հետ, իմ մեջ...
Աշխարհի շատ քաղաքների միջով անցա, բայց դու մնացիր անփոխարինելի, միակ, եզակի, ամենագեղեցիկն ու ամենասիրելին...
Իմ քաղաք, իմ սեր, իմ Երևան, իմ հասունություն...
Իմ թռիչք ու կարոտ, իմ երազ ու հուշեր...
Շնորհավոր ծննդյանդ օրը, ՔԱՂԱՔ, 2796 տարեկան հուր-հեր պատանի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=564159900355139&set=a.196877563750043.34024.100002834036373&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել