Սիրելի հայրենակիցնե՛ր, ճակատագրի բերումով մենք հայտնվել ենք բացառիկ մի ժողովրդի դերում, որի Սփյուռքը թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է հայրենի բնակչությանը: Մեկ կողմ թողնելով Սփյուռքի գոյության պատմական պատճառները, դասական և նոր Սփյուռքի առանձնահատկությունները, հոգսերն ու գործերը, այսօր եկել է մի պահ, որ մենք երկրի գլխին կախված հերթական աղետի ժամանակ, ինչը բնորոշ է հայերիս, ազգային բարձր ինքնագիտակցության դրսևորմամբ, լինենք միասին և մեզ կեղեքող հանցավոր ռեժիմի դեմ կանգնենք միացյալ ուժերով:

 Սիրելի համաերկրացինե՛ր, սա այն ճակատագրական պահն է, որ դուք պետք է ներողամիտ ու մեծահոգի գտնվեք սերնդե-սերունդ անհայրենիք թափառած կամ հայտնի պատճառներով հայրենիքը լքած ձեր քույրերի և եղբայրների հանդեպ: Հայաստանյան խունտան իր տեղական մանկլավիկների միջոցով, նույն աղտոտ քաղաքականությունը բանեցնում է նաև սփյուռքահայության հանդեպ: Հայրենասեր ու ազնիվ հայերն այստեղ նույն ճնշված, ընկճված, վիճակում են ինչպես դուք տանը՝ գումարած խեղդող կարոտը: Նրանք շատ լավ հասկացել են, որ իրենց երկարամյա նյութական օգնությունը միայն մասամբ օգնեց հայրենի ժողովրդին, սակայն փոխարենը է՛լ ավելի լպիրշացրեց ժողովրդի արյունը ծծող հաստավիզ վաշխառուներին:

  Հավատացե՛ք, շարքային սփյուռքահայը այսօր ձեզ պես հասկացել է, որ մեր բոլորի փրկությունը մեր ՄԻԱԿ հայրենիքի փրկության մեջ է, որն այս պահին, ինչպես երբեք դրա կարիքն ունի: Այնպես, որ ընդունեք սա որպես կոչ, որպես խնդրանք, հայրենիքում սկսվող համազգային ընդվզմանը, անհնազանդությանը մասնակից դարձրեք սփյուռքահայությանը: Բոլոր կազմակերպիչները, մասնակիցները, ժողովուրդը, մի զլացեք դիմեք ձեր քույրերին ու եղբայրներին ոտքի կանգնել և միացյալ ուժերով տանել այն մինչև հաղթանակ: Պայքարի հաջողության համար շատ արդյունավետ կլինի, եթե դուք ճանաչեք ու արգելեք հայրենիք ոտք դնել հանցագործ ռեժիմի սփյուռքյան մանկլավիկներին: Դա միաժամանակ կոգևորի և կոգնի զորաշարժի ենթարկել շարքային սփյուռքահայությանը, որը հավատացեք հանգած հրաբխի պես կարդնանա:

Մեր պատմության ընթացքում լինելով անմիաբան ժողովուրդ, կարողացել ենք միշտ միաբանվել վերահաս աղետի պահին:

ԱՅՍՕՐ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵԶ ԸՆՁԵՌԵԼ Է ՎԱՅԵԼԵԼՈՒ ԱՅԴ ԲԵՐԿՐԱՆՔԸ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել