Եռյակի հանրահավաքին ընդառաջ տեղի են տալիս եռյակի որոշ անդամների նյարդերը, ինչը հանգեցնում է մեղմ ասած ոչ ադեկվատ քայլերի։ Օրինակ, աչքովս մի վայ վերլուծություն ընկավ, որտեղ կեղծանունով հանդես եկող հեղինակը իբր վերլուծում է այն մարդկանց մոտիվացիան, ով հանրահավաքի չի գալու և եզրահանգման մեջ փաստացի հայհոյում բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ուզում գալ հանրահավաքին։
Պարոնայք, սա արդեն կապիկություն է։ Իհարկե պատմության մեջ եղել են դեպքեր, երբ իբր օրինականության համար պայքարելու լոզունգների տակ ապօրինություններ են արվել, բայց ես դեռ ծանոթ չեմ նման այլ որևէ լուրջ պատմական նախադեպի, որ հայհոյելով մարդկանց մոտիվացնեն՝ ընդդիմադիր պայքարին։
Իրավիճակն ինքնին անհեթհեթ է, քանի որ վայ վերլուծաբանը, էքստազի մեջ ընկնելով գալիք հանրահավաքից, կամա, թե ակամա հայհոյել է նաև իրենց կողմնակիցներին, որովհետև վստահաբար երեք կուսակցությունների ողջ ակտիվը ներկա չի լինելու։ Հայհոյում է իր հարազատներին, բարեկամներին ու ընկերներին, որովհետև չեմ կարծում, որ տվայլ հեղինակի բոլոր հարազատները, բարեկամներն ու ընկերները ներկա գտնվեն։ Հայհոյում է իր շեֆերի հարազատներին, բարեկամներին ու ընկերներին, որովհետև շեֆերի ողջ շրջապատն էլ վստահաբար չի մասնակցելու այդ չարաբաստիկ հանրահավաքին։ Ու ի վերջո, հայհոյում է չկողմնորոշված մեծամասնությանը, որը միշտ առկա է այս դեպքերում, իսկ դա կատարյալ ապուշություն է քաղաքագիտության տեսանկյունից։
Շատերը հիմա չարացած իրենք են սկսել հայհոյել այս հեղինակին ու այն ուժին, որին վերագրում են այս միտքը, բայց իմ կարծիքով, դա կոնտրպրոդուկտիվ է։ Նախ, ամեն դեպքում չարժե իջնել նման անմակարդակության ու ընդունել այն կանոնները, որոնք առաջարկվում են մարգինալների ու հոգեկան հիվանդների կողմից, երկրորդն էլ՝ չարությունը չարություն է ծնում։