1in.am-ը գրում է.
Ալիև-Սարգսյան փարիզյան հանդիպման նպատակը ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծումն է՝ հիմնված 3 հիմնարար սկզբունքների վրա: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ մանրամասնելով Փարիզում կայանալիք ԼՂ հակամարտության կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման օրակարգը:
Դեսպանը հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջան կատարած իր այցի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկել հանդիպել Փարիզում՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների նոր խթան:
Ըստ նրա՝ հանդիպումը կազմակերպվում է՝ նպատակ ունենալով հստակեցնել այն գործիքները, որոնք կծառայեն կողմերի միջև վստահության ձեռք բերմանն ու զինադադարի պաշտպանությանը, իսկ մյուս կողմից՝ նոր խթան կլինեն բանակցություններին երկարաժամկետ լուծում տալու համար, իսկ դա պետք է հիմնված լինի 3 հիմնարար սկզբունքների վրա:
«Սա է լինելու Փարիզում կայանալիք հանդիպման գլխավոր առարկան: Փարիզում ներկա կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները ևս»,- նշեց Անրի Ռենոն:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսյան լարվածությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից կազմակերպվեցին առանձին-առանձին հանդիպումներ, առաջինը՝ Ռուսաստանում, մյուսը՝ Նյուպորտում: Հաջորդ նախագահական հանդիպումը կայանալու է Փարիզում՝ հոկտեմբերի երկրորդ կեսին:



