ՕԵԿ-ը իրեն սպառել է ու դա պատահել է ոչ այսօր, ոչ էլ երեկ։ ՕԵԿ-ը ՀՀ պատմության մեջ բացառիկ օրինակ է, թե ինչպես կարելի է իրապես ժողովրդական բավականին լայն աջակցություն ունեցող քաղաքական ուժից վերածվել մի այնպիսի հակակրելի քաղաքական միավորի, որը չի կարող քաղաքականության մեջ մնալ, անգամ բավականին մեծ նյութական ռեսուրսների առկայության դեպքում։
ՕԵԿ-ն, ըստ իս, իրեն վերջնականապես սպառեց վերջին խորհրդարանական ընտրություններին ու ոչ թե կրկնվող ու սին խոստումներով, այլ նրանով, որ անգամ ընտրակաշառքներ բաժանելու հարցում դրսևորեց իրոք ֆենոմենալ անազնիվություն։ Ընտրակաշառքով ընբտրող էլեկտորատը կարող է ներել ամեն ինչ, բայց երբեք չի ների, երբ իրենց խոսք ես տաիս 5000 ու չես տալիս 5000-ը, խոսք ես տալիս հեռախոս ու եթե տալիս էլ ես, ապա տալիս ես փչացած հեռախոս։ Չի ների ու չի մոռանա։ Երբեք։
Ու հիմա, թվում է թե Արթուր Բաղդասարյանը գրագետ ու տրամաբանական քայլ է արել՝ սեփական հեռուստաընկերությունը ձեռք բերելով և վստահ եմ, որ փորձել է իր անձնական օգտագործման «ԱԼՄ»-ի կամ էլ անգամ «Կենտրոն»-ի վերածել այն, բայց անգամ սա չի օգնելու։ Չի օգնելու, որովհետև փչացած հեռախոս վերցնողը չի մոռացել, որ հեռախոսը փչացավ, իսկ այլ կոնտինգենտի վրա ՕԵԿ-ը աշխատել չի էլ կարող, անգամ նույն ԱԼՄ-ի, որովհետև Կարապետիչի խարիզման ուրիշ է, իսկ ՕԵԿ-ինը՝ ուրիշ։ Դե իսկ ավելի լուրջ լսարանի մասին խոսելն անգամ անիմաստ է, որովհետև նրանց մոտ արդեն գործում է կայուն բացասական կարծրատիպ ՕԵԿ-ի հանդեպ։
Այնպես որ, վստահեցնում եմ, ի՜նչ էլ անի ՕԵԿ-ը, միևնույն է, երկու տարուց հետո այն անէանալու է մեր քաղաքական դաշտից՝ որպես այդպիսին։