Մեդիաճանապարհի մտորումներ...

Իբրև հայկական առաջատար գրեթե բոլոր հեռուստաընկերություններում աշխատած և որոշակի փորձառություն ու վաստակ ունեցող մեկը՝ ինձ իրավունք եմ վերապահում որպես նորաստեղծ Հ3-ի հիմնադիր աշխատակից, թիմի անդամ, մի քանի նկատառում անել: Նախ, հարգելի ընկերներ, անծանոթ բարեկամներ և մասնագիտապես առնչություն ունեցող մարդիկ, հայկական հեռուստատեսություն է մուտք գործում մի նոր կոլեկտիվ, որի անդամները ձեր նախկին գործընկերներն են կամ գոնե մեդիաոլորտի զարգացման ազնիվ ու բնաբուխ հավակնությամբ օժտված մարդիկ, տարբեր բնագավառներում անուն ու կենսագրություն ունեցող պրոֆեսիանալներ:

Մենք եկել ենք ոչ թե բարձրագոչ ու բնազուրկ խոստումներով, այլ ազնիվ աշխատանքի, այդ թվում՝ ձեզ հետ համագործակցության առաքելությամբ ու նպատակադրմամբ: Պատկերավոր ասած, մենք դեռ չենք քայլում, առավելևս՝ ճախրում, բայց, հավատացեք, մեր մասնագիտական ու մարդկային արժանապատվությունը մեզ թույլ չի տալիս նաև ոտքի տակ ընկնել, հատկապես երբ այդպիսի դիտավորության ենք առերեսվում... Եվ հիշեք, մարդու նենգությունն ու առաքինությունը կարող են մատնել ինչպես որևէ արտահայտություն, այնպես էլ՝ լռությունը: Ողջերթի, բաժակաճառի, շաքարակալած շնորհավորանքի կարիք չենք զգում նույնքան, որքան՝ անտարբերության:

Մենք կոչված ենք՝ մեր ուղեգիծը նախանշելու հայրենի հեռուստաընկերության զարգացման այս շրջափուլում, բայց մեր հայացքը ոչ թե դեպի աստեղային բարձունքներն են, այլ դեպի ՄԱՐԴԸ՝ իր հոգսերով, ողջամիտ նախասիրություններով ու կարևոր կենսառիթմերով: Մենք շարունակում ենք հավատալ, որ մենք նույն ճանապարհին ենք և մեր ուղեբեռը միայն թեթևանալու է, եթե դրանում անձնավորումը, կուսակցականացումը, նախանձն ու հիշաչարությունը չեն և եթե այդ բեռը տանում ենք փոխնիփոխ ու սիրով....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել