Lragir.am-ը գրում է․
Ողջույն, Կոմանդանտե:
Ողջույն:
Գիտե՞ք, թե այժմ Ձեր անունն ամենից շատ ինչ առիթով են շոշափում լրատվամիջոցները:
Այո: Ես տարեկան մի քանի անգամ մահանում եմ (ժպտում է):
Փառք Աստծո, Դուք ողջ առողջ եք:
Ողջ, բայց ոչ այդքան առողջ: Իմ տարիքում առողջ լինելը անառողջ բան է:
Կարծում եմ` մահը Ձեզանից երես է թեքել:
Ոչ, նա ժամանակավորապես հաշտվել է իմ գոյության հետ:
638 անգամ Ձեր դեմ մահափորձ են կատարել: Դուք գինեսի ռեկորդակիր եք:
Այո: Ես 638 անգամ ավելի շատ եմ ապրել բոլոր մարդկանցից:
Այժմ Դուք վայելում եք վաստակած հանգի՞ստը:
Ես որոշեցի իշխանությունը փոխանցել երիտասարդներին:
Ռաուլ Կաստրոն Ձեզանից ընդամենը 5 տարով է փոքր:
Բայց նա Ռաուլ Կաստրոն է: Հասկացա՞ք:
Փորձում եմ:
Ոմանք, դեռ աղվամազերը չաճած` արդեն ծերունի են:
Ոմանք էլ` սպիտակամորուս երիտասարդնե՞ր:
Si:
Իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:
Հեղափոխությու՞նը:
Ոչ, կյանքը: Ձեր մանկությունը, պատանեկությունը:
Ամեն ինչ շատ սովորական էր, ինչպես բոլոր երեխաների մանկությունը:
Իսկապե՞ս: Կուբայում բոլո՞ր երեխաներն էին 14 տարեկանում Ֆրանկլին Ռուզվելտին նամակ գրում:
Ոչ, քչերը անգլերեն գիտեին:
Փաստորեն, մանկության տարիներին Դուք լավ եք տրամադրված եղել ԱՄՆ-ի նկատմամբ:
Անկեղծ ասած, այո:
Դուք Ֆ. Ռուզվելտից խնդրել էիք 10 դոլարանոց թղթադրամ:
Ես երբեք չէի տեսել 10 դոլլարանոցը:
Նա պատասխանե՞ց նամակին:
Այո, բայց 10 դոլարը չուղարկեց:
Եթե իմանար, թե ով է իրեն գրել, վստահ եմ` կուղարկեր:
Նույնիսկ ես չգիտեի, թե իրականում ով է գրում այդ նամակը:
Եթե ուղարկեր, գուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր:
Այո, ես 10 դոլարը կօգտագործեի հեղափոխության համար:
Կոմանդանտե, այնտեղից, որտեղից ես եմ, մարդիկ Ձեզ շատ են սիրում: Երիտասարդները երբեմն փորձում են ընդօրինակել Ձեզ:
Իսկ Դուք որտեղի՞ց եք:
Հայաստանից: Մենք շատ հին ժողովուրդ ենք, 5000-ամյա պատմություն ունենք:
Եվ կոնյակ:
Այո, Դուք սիրու՞մ եք կոնյակ:
Երբեմն, սիգարի հետ:
Շատ հայտնի և խելացի մարդիկ են հայկական կոնյակ խմել: Օրինակ Չերչիլը, Ստալինը: Մենք հայերս էլ շատ ենք խմում:
Բայց կոնյակից ավելի խելացի չես դառնա, նույնիսկ եթե պատրաստված լինի այն տակառում, որի մեջ Դիոգենեսն էր ապրում:
Ի դեպ, Ստալինի մասին: Ասում են, Դուք երիտասարդ տարիներին մի առիթով ասել եք «Ես պատրաստ եմ լինել կոմունիստ, եթե դառնամ Ստալին»:
Ստացվում է` ես հավասարապես համակրել եմ և Ռուզվելտին, և Ստալինին:
Գուցե ոչ հավասարապես: Դուք դարձաք ոչ թե դեմոկրատ պրեզիդենտ, այլ բռնապետ կոմանդանտե:
Ես բռնապետ չեմ, ժողովուրդն ինձ սիրում է:
Ժողովուրդը սիրում էր նաև Ստալինին: Շատերն անկեղծորեն արտասվում էին, երբ նա մահացավ:
Որովհետև նա ժողովրդի առաջնորդն էր: Դա է կարևորը:
Իսկ կարևոր չէ՞, թե դեպի ուր է նա ժողովրդին առաջնորդում:
Ժողովուրդը կարող է երբեմն չհասկանալ: Մովսեսը 40 տարի հրեաներին առաջնորդեց անապատում, բայց նրանք մի քանի անգամ դավաճանեցին:
Դուք Ձեզ համեմատում եք Մովսեսի հե՞տ:
Ոչ, ես 49 տարի եմ առաջնորդել կուբացիներին:
Կարծում եմ, որ երիտասարդ լինեիք, կպայքարեիք ինքներդ Ձեր դեմ:
Կզրկեի՞ ինձ իշխանությունից: Իսկ ինչու՞:
Դուք պայքարեցիք Բատիստայի դիկտատուրայի դեմ, իսկ հետո ինքներդ դարձաք դիկտատոր: Ամեն ինչ շատ պարզ է:
Ո՛չ, իմ իշխանությունն այլ բնույթ ունի:
Փաթեթավորումը փոխելուց պարունակությունը չի փոխվում:
Կարևորը հենց փաթեթավորումն է:
Այդ ինչպե՞ս:
Դեմոկրատիան, կոմունիզմը, միապետությունը: Սրանք կաղապարներ են, որոնց մեջ դրվում է բովանդակությունը, փաթեթներ, որոնց մեջ դրվում է պարունակությունը` այսինքն մարդը: Թե ԱՄՆ-ում և թե Կուբայում, մարդը նույնն է, տարբեր են միայն փաթեթները:
Այսինքն, մա՞րդն է հարմարեցվում կաղապարին, այլ ոչ թե կաղապարը մարդուն:
Այո:
Բայց այդպես ճիշտ չէ:
Էական չէ ճիշտ է թե սխալ, էականը` հնարավոր է, թե ոչ: Մարդն ավելի ճկուն է, քան կաղապարը, ուստի կարող է հարմարվել նրան, իսկ կաղապարը չի կարող մարդուն հարմարվել:
Իսկ կարևոր չէ՞, թե որքան երջանիկ կզգա մարդն իրեն այդ կաղապարում:
Երջանիկ: Հասարակարգի խնդիրը մարդու երջանկության ապահովումը չէ, այլ անվտանգության և բարեկեցության:
Իսկ մի՞թե բարեկեցիկ մարդն արդեն երջանիկ չէ:
Ո՛չ: Դու կարող ես լինել դժբախտ` քո սեփական ինքնաթիռում: Հասարակարգերը չեն կառուցվում երջանկության համար:
Բայց ԱՄՆ-ի Անկախության հռչակագրում խոսվում է մարդու երջանկության իրավունքի մասին:
Ամերիկացիները ռոմանտիկ են:
Զարմանալի է:
Ի՞նչը:
Իմ հարցազրույցների մեկում Վ. Պուտինը մոտավորապես ասաց նույն Ձեր միտքը` երջանկություն չկա, մարդու ստեղծման ժամանակ հաշվի չի առնվել, որ նա պետք է երջանիկ լինի:
Ոչ, համաձայն չեմ: Մարդն անհատապես կարող է լինել երջանիկ, բայց հասարակությունը երջանիկ լինելու խնդիր չունի: Հասարակությունը պետք է լինի անվտանգ, ապահովված, համերաշխ: Նման հասարակության մեջ մարդը կարող է նաև գտնել իր անհատական երջանկությունը: Հասարակության խնդիրը ապահովությունն է, իսկ երջանկությունը յուրաքանչյուրի անհատական գործն է:
Իսկ Դուք երջանի՞կ եք:
Ժամանակ առ ժամանակ:
Հատկապես ե՞րբ:
Երբ տեսնում եմ, որ մարդիկ իմ երկրում երջանիկ են:
Տեսնու՞մ եք` երջանկությունը լոկ անհատական գործ չէ: Դուք երջանկանում եք ուրիշների երջանկությամբ, նրանք էլ գուցե երջանկանում են, որորվհետև ապրում են Կուբայում` Ձեր կառուցած հասարակարգում:
Ցանկանում եք համոզե՞լ ինձ:
Դժվար է դիմանալ Ձեզ համոզելու գայթակղությանը:
Այդ դեպքում` շարունակե՛ք:
Դուք հավատու՞մ եք ճակատագրին:
Այո: Ճակատագիրն էլ ինձ է հավատում:
1953 թ. Ձեր առաջին հեղափոխության փորձը ձախողվեց, և դատապարտվեցիք 15 տարվա ազատագրման: Բայց 1955 թ, Բատիստայի համաներմամբ ազատ արձակվեցիք, իսկ մի քանի տարի անց հեղափոխության արդյունքում իշխանությունից զրկեցիք հենց Բատիստային: Սա ճակատագի՞ր էր:
Ոչ: Ճակատագրի բերումով մեր ուղիները խաչվեցին, իսկ մնացածը յուրաքանչյուրիս գործունեության արդյունքն էր: Ճակատագիրը նման է գնացքի` այն քեզ միայն հասցնում է ինչ-որ կայարան, իսկ թե ուր կգնաս կայարանից դուրս` ինքդ ես որոշում:
Իսկ ես կարծում էի` ճակատագիրը պաղպաղակի պես է` քանի ձեռքդ է, հասցրու կեր, իսկ թե չհասցրեցիր` կհալվի կթափվի, կկեղտոտի քեզ:
Դու ավելի երիտասարդ ես (ծիծաղում է):
Ի՞նչ եք կարծում` հեղափոխությունը հասա՞վ իր նպատակին: Դուք ճի՞շտ ճանապարհով տարաք Կուբան:
Այո: Մենք կառուցեցինք երկիր, որը մոտ էր մեր ժողովրդի ցանկություններին և պատկերացումներին:
Կամ գուցե Ձեր ցանկություննե՞րը պարտադրեցիք ժողովրդին:
Այսպես, թե այնպես, բոլորս անընդհատ ինչ որ բան ենք պարտադրում աշխարհին` մեկն իր գաղափարներն է պարտադրում, մյուսն իր ցանկությունները, մեկն իր խելքը, մյուսն իր հիմարությունը, ամերիկացիներն աշխարհին պարտադրում են իրենց դեմոկրատիան, դուք աշխարհին պարտադրում եք ձեր 5000-ամյա պատմությունը: Բայց պարտադրելուց առավել կարևոր է` աշխարհը կպարտավորվի, թե՞ ոչ:
Ստացվում է` գլխավորը լավ պարտադրել իմանա՞լն է:
Գլխավորն իմանալն է այն, թե ինչ ես ցանկանում փաթաթել աշխարհի վզին: Իսկ փաթաթածդ կդառնա գեղեցիկ վզնոց, թե կախաղանի պարան` ժամանակը ցույց կտա:
Ձեզանից կարելի՞ է ընդօրինակել, թե ինչպես փաթաթել…
Ոչ: Պետք չէ ոչ ոքի ընդօրինակել:
Ինչու՞:
Դու կարող ես ընդօրինակել մարդու առանձին գործողությունները, բայց ոչ կյանքը: Այդ գործողություններն իմաստավորված են միայն նրա կյանքի համատեքստում:
Այսի՞նքն:
Այսինքն, թեկուզ տաս անգամ անցիր Ռուբիկոնը, միևնույն է` Հուլիոս Կեսար չես դառնա:
Կամ, թեկուզ ողջ կյանքդ մորուք պահիր, միևնույն է` Ֆիդել Կաստրո չես դառնա:



