Արդարադատության նախարարությունում պետք է լրջորեն հետաքննեն Վրաստանում հայտնված ու վիրահատված կալանավորի միջադեպը, ով փոխել էր հիվանդանոցից։ Ես այսօր պատահաբար կարդացի այս պատմությունը, որտեղ փախած կալանվոր Սուրեն Գաբրիելյանի փաստաբանը ներկայացրել էր եղելության իրենց տարբերակը։ Անկախ նրանից, որ փաստաբանը պետք է իր պաշտպանյալի շահերը ներկայացնի ու նրան բարդ է որպես օբյեկտիվ կողմ համարել, իր խոսքում նա մի շարք ծանրակշիռ փաստարկներ է բերում, որոնք եթե չհերքվեն Արդարադատության նախարարության կողմից, ապա գործ ունենք իրավական պռոիզվոլի հետ։
Բանն այն է, որ ըստ փաստաբանի, Սուրեն Գաբրիելյանը երեք անգամ դատաբժշկական փորձաքննություն է անցել և երեք անգամ այդ փորձաքննությունը հաստատել է, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ նրա մոտ եղած հիվանդությունները մտնում են «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի» մեջ։ Բայց ամեն անգամ դատախազն ու դատարանը մերժել են խափանման միջոցը փոխելու ու բուժման մեկնելու հայտերը։
Լավ, բուժման մեկնելը մերժելը կարելի է դեռ հասկանալ, բայց ի՞նչ հիմքով չեն փոխել նրա խափանման միջոցը, եթե փորձաքննությունը փաստել է, որ նա ունի հենց այն հիվանդությունները, որոնց դեպքում պետք է անել դա...