Ինչի համար է անհրաժեշտ ՀԱԷԿ-ի նորոգման լրացուցիչ ծախսըArmnewsTV.am-ը գրում է․

Հայաստանի ատոմակայանում տարեկան պլանային նորոգման ու վերալիցքավորման աշխատանքները լրացուցիչ ծախսեր կպահանջեն: Ատոմակայանի ռեակտորը բացելուց հետո մասնագետները հայտաբերել են կանխատեսելի, բայց ծրագրով չնախատեսված աշխատանքների անհրաժեշտություն: Նախնական գնահատականով նորոգման կարիք ունեն շոգեգեներատորի եռակցման կարաների երկու շովերը: ՀԱԷԿ-ում տարեկան պլանային նորոգման աշխատանքների նպատակով էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր սեպտեմբերի 27-ի կեսգիշերից: Չնայած չնախատեսված աշխատանքին, նախարարի խոսքով, ՀԱԷԿ-ի նորոգման ժամանակացույցը չի խախտվի: 19 մասնագետ Չեխիայից, 30-ը` Ռուսաստանից հայ մասնագետների հետ համատեղ իրականացնում են ՀԱԷԿ-ի նորոգումն ու վերալիցքավորումը:

Աշխատանքներն ամբողջ ծավալով կավարտվեն 46 օրից: 15-20 օր անց արտասահմանից հրավիրված մասնագետների ընդհանուր քանակը կհասնի 300-ի, նրանց կմիանան եւս 400 ՀԱԷԿ-ի աշխատակիցներ: Ռուսաստանից ժամանած հատուկ գիտական խումբն էլ կզբաղվի սարքավորումների ուսումնասիրությամբ ու տեխնիկական գնահատմամբ:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն ամբողջ հզորությամբ էներգաարտադրության ցանցին կմիանա նոյեմբերի 11-ին: Նախնական հաշվարկներով՝ իրականացվող աշխատանքները կարժենան 3 միլիադ դրամ: Սպառողն իր գրպանի վրա այս ծախսերը չի զգա: Միջոցները նախատեսված են էլեկտրաէներգիայի հաստատված սակագնում: Մինչեւ ՀԱԷԿ-ի նորոգումը հոսանքի մատակարարման գրաֆիկի խախտումներ եւս չեն լինի: Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն աշխատում է եւ հավելյալ էլեկտրաէներգիա մատակարարում: Ընթացքի մեջ են նաեւ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարացման շուրջ բանակցությունները: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում է 2016-ին: Այն նախատեսվում է երկարաձգել տասը տարով` ռուսական վարկային միջոցների ներգրավմամբ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել