Magaghat.am-ը գրում է․
Օպերային հայտնի երգչի մասին ակնարկս («Հայացք Երևանից» ամսագիր, 1999թ.) ամբողջացավ ընդամենը երկու հանդիպումից: Մինչ այդ պրպտել էի նրա ստեղծագործական աշխարհի հնարավոր բավիղներն ու անգամ անհայտները (ծանոթ հարևանուհի ունեի), լսել ձայնագրված կատարումները, ներկա եղել մի քանի ներկայացման: Ահավասիկ` մի հատված հիշյալ ակնարկից:
,,Աշխարհի օպերային առաջնակարգ թատրոններում փնտրված տենոր, ով հանդես է գալիս Իտալիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ավստրիայում… Սեփական ցանկությունը բավարա՞ր է, որպեսզի երգի, ասենք, անգլիական Քովընթ Գարդընում և ոչ թե՝ իտալական Լա Սկալայում: Երգիչը միանգամայն անկեղծ է՝ իհարկե ոչ, երգում է այնտեղ, որտեղից հրավերներ է ստանում: Բարեբախտությունն այն է, որ դրանք շատ են, այն էլ՝ ամենատարբեր երկրներից: Իտալական թերթերից մեկը ժամանակին նրա ելույթից հետո բացականչել է՝ Իտալիայում հիմա այսպիսի տենոր չկա: Հետաքրքրվում եմ՝ ինքը և՞ս այդ զգացումն ունի: Պատասխանն անբռնազբոս որակելը շատ քիչ է՝ եթե չունենայի՝ չէի երգի:
Ում անունից հետո կգրեր իր անո՞ւնը: Պավարոտիի: Հարցը տվողի դեմքին նկատելով տարակուսանքի կնիքը՝ մի անգամ էլ է կրկնում՝ Պավարոտիի: Միայն թե՝ այս անգամ փոքր-ինչ վերապահումով: Ես մտովի թարգմանում եմ՝ իր օգտին:
Հայաստանում այժմ համաշխարհային մակարդակի ձայներ տեսնո՞ւմ է, պարտադիր չէ՝ տենոր: Չի տեսնում: Նույնիսկ այն անունները, որոնք մեզանում հիացմունքի առարկա են, Գեղամ Գրիգորյանը լռության է մատնում: Վոկալի իտալական դպրոցն է կաղում, բացատրում է նա: Ժամանակին այդ դպրոցը մեր կոնսերվատորիայում բավականին կենսունակ էր, հիանալի մանկավարժներ կային, որոնք բարձրակարգ երգիչներ էին պատրաստում:
Ինքն օրինակ՝ սովորել է Սերգեյ Դանիելյանի դասարանում և դա իր բախտավորությունն է համարում: Հիմա կոնսերվատորիան միջազգային չափանիշների կադրեր չի տալիս: Դա համընդհանուր ցավ է, հին ավանդույթները նույնիսկ Իտալիայում են մոռացվել: Բայց այս մտահոգությունները դուրս են նրա արտերկրյա գործունեության շրջանակից, որտեղ հայկական անունները քիչ չեն՝ Սոնա Ղազարյան, Հասմիկ Պապյան, Էդվարդ Թումաջյան, Մարիա Գուլեգինա-Մուրադյան, Մարի Աբաջյան և ուրիշներ
Այսինքն «բել կանտոն» դեռ ապրում է, այն անմահ է: Գեղամ Գրիգորյանն այսօր անվերապահորեն նրա վարպետներից մեկն է:
Ասում են ժամանակին Օհան Դուրյանը Գոհար Գասպարյանին մեղադրել է Անուշը «բել կանտոյով» երգելու համար: Դուք Սարոն «բել կանտոյով» չէի՞ք երգում: Գեղամ Գրիգորյանի «արդարացումը» կարճ է.
«Բել կանտոն» ի՞նչ է՝ գեղեցկերգություն: Ես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է գեղեցիկ երգել, նաև՝ Սարոյի դերերգը: Եթե օպերան գյուղն է ներկայացնում, դա չի նշանակում, թե դու պետք է գյուղացու պես երգես, օպերան բարձր մշակույթ է»:
Ժամանակակից օպերան ե՞ւս: «Անշուշտ, եթե նկատի չունենանք, որ դասական օպերայում վոկալն ավելի շեշտվածէ, իսկ ժամանակակիցում կարևորվում է դերասանական խաղը»:
Հայկական օպերաներից որո՞նք են արժանի արտասահմանում հնչելուն: Իր կարծիքով՝ «Արշակ երկրորդը», «Անուշը», Ալմաստը»: Եթե նյութական հնարավորություն լիներ դրանցից որևէ մեկն աշխարհի թատրոններում բեմադրելու՝ հանձնառություն կստանձնե՞ր: «Առանց տատանվելու»:
Հանդիպել աշխարհի բեմերը նվաճած երգչին և չհարցնել, թե այդ աշխարհն ինչպես է ընդունում հայ երգը, թերևս վրիպում կլիներ: Մանավանդ այն պարագայում, որը զրուցակիցս բացահայտեց ամենայն հպարտությամբ՝ հայ երգը դահլիճներ է ոտքի հանում: Ըստ որում՝ ոչ միայն Կոմիտասը կամ միջնադարյանը, այլև ժամանակակից երգահանների գործերը: Օրինակ Էդվարդ Միրզոյանի «Ասում են, թե» և Վաղարշակ Կոտոյանի «Ներիր դու ինձ» ստեղծագործություններն ամենուր ընդունվում են բուռն ծափահարություններով ու հիացմունքով:
Ցավալին թերևս այն է, որ մեր երգը դեռ միայն ինքներս ենք հնչեցնում, օտարներն այն չեն կատարում:
Բայց «հոգ չէ՝ դա էլ թող առայժմ մեր մենաշնորհը մնա: Ժամանակը կգա, և հայ երգն իր ճանապարհը կհարթի»»: