Magaghat.am-ը գրում է․
Շատ դժվար է մարդու աչքերի մեջ նայելով նրա ինքնասիրությունը շոշափող հարց տալը: Բայց ես դա անելու հանդգնություն ունեցա և հենց` իր իսկ բնակարանում: Վլադիմիր Մսրյանին հարցրի` ինչպե՞ս է վերաբերվում այն քննադատությանը, թե ինքն ընկել է «Պագանինիի փոսն» ու ոչ մի կերպ չի կարողանում այնտեղից դուրս գալ: Նա սովորական իմաստով անակնկալի չեկավ, կարծես շանթահարվեց: Կոպիտ հարվածին դիմակայելու բառեր էր փնտրում ու չէր գտնում: Հասկացա, որ բարեկրթությունը թույլ չի տալիս:
Ճիշտն ասած` ես մեղավոր չէի, այնքան էի լսել այդ արտահայտությունը, այնքան շատ արվեստագետներից, որ չքմեղանալը կեղծելուն հավասար մեղք կլիներ: Պետք է հարցնեի, որպեսզի հանգիստ խղճով մնացած հարցերս տայի: Սրբազան է այն պահը, երբ լրագրողի ու զրուցակցի միջև ձգվում է փոխվստահության անամպությունը: Դա իմ հորինած սկզբունքն էր, որի արգասիքը միշտ հաջողված հարցազրույցը կամ ակնարկն էր լինում: Արդյոք սկզբունքիս վախճանը եկե՞լ էր …
-Ի՛նչ փոս,-դանդաղ խոսեց Մսրյանը,-այդ դերից հետո ես շատ լավ կերպարներ եմ ստեղծել, ըստ որում՝ ավելի շատ դրսում, քան «Հայֆիլմում»: Այն ժամանակ մեր կինոստուդիայում թայֆաներն էին իշխում, կինոռեժիսորներն իրենց սիրելի դերասաններն ունեին, մեզ քիչ էին նկարահանման հրավիրում: Իսկ ընդհանրապես ես յուրաքանչյուր նոր դեր ստանձնում եմ` ասես առաջինն է, պատասխանատվության զգացումը միշտ ինձ ուղեկցում է: Երբեք հավանություն չեմ տալիս այն դերասաններին, ովքեր նոր դերը խաղում են` հնի բեռն ուսերին:
Այս պատասխանից էլ սկսվեց մեր շփման անամպությունը, և ես դերասանին ուղղեցի բացահայտման կարոտ հաջորդ հարցս.
- Ճի՞շտ է, որ Պագանինիի դերը կատարելու համար բուլղարացի եք «ձևացել»:
-Իհարկե` ոչ, ես ընդամենը գնացի Լենինգրադ՝ մասնակցելու փորձնական նկարահանումներին: Գեղարվեստական խորհուրդն ինձ հավանեց և միահամուռ գտավ, որ համապատասխանում եմ այդ դերին: Ձեր ակնարկած թյուրիմացությունը գալիս է նրանից, որ ռեժիսորը` Մենակերը, ուզում էր, որ բուլղարա-խորհրդային այդ ֆիլմում անպայան ես նկարահանվեմ և երբ Վլադիմիր Իվանովիչ անունս գեղխորհրդի անդամներին բուլղարական է թվացել ու ասել են՝ լավ, թող բուլղարացի դերասանն այդ դերը կատարի, նա պարզապես լռել է: Միայն հետո, երբ իմացել են, որ հայ եմ, ռեժիսորը պատասխանել է` բայց նա խորհրդայի՛ն դերասան է:
- Երևի նկարահանման ընթացքում Պագանինիի երաժշտությունն եք լսել:
-Բացարձակապես ոչ, լսում էի Կոմիտասի ստեղծագործությունները: Երբ դու խաղում ես հանճարի դեր, հոգիդ պետք է սնվի հարազատ երաժշտությամբ. իմը, հոգուս լարերին համահունչը Կոմիտասն էր:
Նենգ հարցերի թվում ես դեռ մի սլաք էլ ունեի, ու քանի որ զրուցակիցս այդքան հյուրընկալ ու բարեհամբույր էր` դա էլ արձակեցի:
-Ժամանակին Ղափլանյանին չարախոսում էին` իբր կրկնում է վրացական թատրոնի բեմադրությունները, օրինակ` «Ռիչարդ 3-րդը», որտեղ դուք էլ էիք խաղում: Այդ շշուկներում Ճշմարտության ինչ-որ հատիկ կա՞ր:
Հիմա, երբ հերթը հասավ ոչ թե իր, այլ թատրոնի հեղինակությունը պաշտպանելուն, Մսրյանը անհյուրընկալ դարձավ:
-Միայն չարախոսություն էր,- պոռթկաց նա,- որովհետև… վրացիներն այդ ողբերգությունը բեմականացրին մեզնից հետո:
Կարևորն ասված էր, նա հանդարտ շարունակեց.
-Դրամատիկականը հաճախ էր Թբիլիսի հյուրախաղերի մեկնում, ներկայացումներին գալիս էր նաև Է.Շևարդնաձեն, նա դրանք շատ բարձր էր գնահատում, ասելով` սա է իսկական թատրոնը, ահա թե ումից պետք է օրինակ վերցնել: Մի անգամ Վրաստանի մայրաքաղաքում մենք խաղացինք «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը, որին ներկա էր նաև Ս.Փարաջանովը: Ավարտին հետևեց մի քանի րոպեանոց կատարյալ լռությունը: Բոլորս շփոթված էինք, մտածում էինք` ձախողում է (հետո իմացանք, որ այդ ընթացքում Խանդիկյանը հուզմունքից մի քանի անգամ ցնցուղի տակ է մտել): Եվ հանկարծ դահլիճը թնդաց ծափերից, մանավանդ Փարաջանովը ցնծության մեջ էր, հենց տեղում ասես միտինգ էր անում: Հավատացեք` վրաց հանդիսատեսը գնահատում էր մեզ, սիրում:
Ապա անակնկալ ներշնչանքով ասաց.
-Մեր թատրոնների միջև միայն ստեղծագործական առողջ մրցակցություն է եղել:
Հարցազրույցը տպագրվեց «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի հայերեն և ռուսերեն տարբերակների գունավոր էջերում, երկուսի կազմին էլ դերասանի մեծադիր գունանկարն էր: Զանգեց, զգացված շնորհակալություն հայտնեց:
Վերջում չհամբերեց.
-Այդքան նենգ հարցեր տվեցիք, բայց շատ բարի հարցազրույց էր ստացվել: Չէի սպասում…