ՄՈՏ 100 էջ արդէն կայ։ Որոշ պարբերականութամբ կտեղադրեմ։ Ասեք, իմաստ ունի՞ շարունակել․․․․............ .................. ......................... .............................................Ի Մ Բ Ա Ն Տ Ա Յ Ի Ն Յ Ո Ւ Շ Ե Ր Ի Ց
... Բանտ, ազատութեան մայրն ես միշտ եղել, Եւ սիրում է քեզ կալանաւորը...
ԳԻՐՔ Ա (1967-1973ԹԹ.)
Բանտ, բանտարկել իմաստանիշերով մարդիկ հաճախ արտայայտում են ազատազրկման հետ կապուած վայրերն ու իրադարձութիւնները, սակայն իրաւագիտական գրականութեան մէջ բանտն ազատազրկման յատուկ տեսակ է։ Այն ուղղակիօրէն առնչւում է խցային ազատազրկման գաղափարի հետ։ Եթէ դու բանտում ես, նշանակում է ազատազրկուած լինելուց բացի դու խստօրէն՝ պատերով սահմանափակուած տարածքում ես։ Այն կարող է կոչուել ժամանակաւոր կալանքի խուց, քննչական մեկուսարան, պատժախուց, պատժաբանտ կամ ուղղակի բանտ, սակայն առարկայական ընկալմամբ դա մի վայր է՝ մեծ կամ փոքր սենեակի տեսքով, որից դուրս գալն ամենեւին կախուած չէ քեզնից։
Առաջին բանտը, որի այցելուն լինելու բախտ է վիճակուել ինձ դեռ քսանս չլրացած, Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդին կից Պետական Անվտանգութեան Կոմիտէ (ՊԱԿ) կոչուած <<կագէբէ>>-ի Երեւանի բանտն էր՝ <<քննչական մեկուսարան>> անուամբ։ Դրանի՚ց առաջ երեք անգամ ինձ քննել էին ՊԱԿ-ի աշխատակիցները՝ երկու անգամ ձերբակալել կամ բերման ենթարկել, բայց գործը բանտին չէր հասել։ Առաջին անգամ 1967 թուականի գարնանը ինձ՝ պոլիտեխնիկական ինստիտուտի առաջին կուրսի 17- ամեա ուսանողիս նոյնիսկ ՊԱԿ չտարան։ Քննիչ Գուրգէն Խաչատրեանը ինձ հարցաքննելու համար եկել էր Երեւանի Նուբարաշէն արուարձանի դպրոց։ Այդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիան մեր՝ «Հայկական երիտասարդական միութիւն» (ՀԵՄ) անունը կրող գաղտնի խմբի պատրաստած հայրեանասիրական բովանդակութեամբ թռուցիկներ բաժանելիս բացայայտուել էր եւ իմ ցուցումով <<խոստովանել>> էր, որ ինձնից է ստացել այդ թռուցիկները։ ՊԱկ-ն ինձնից ուզում էին պարզել, թէ ովքեր են դրանք պատրաստել եւ տարածել։ Ես էլ ՀԵՄ-ի մէկ այլ անդամ Ազատ Արշակեանի հետ պայմանաւորուած՝ իր առաջարկութեամբ <<ցուցմունք տուեցի>>, որ Ազատից եմ ստացել այդ թռուցիկները։ Իհարկէ, հարցաքննեցին նաեւ 16-ամեայ դպրոցական Ազատ Արշակեանին։ Նա իր կողից մշակուած եւ մեզ մատուցած ինքնապաշտպանական ծրագրի համաձայն ասել էր, որ իրենց դպրոցում է գտել։ Այնտեղ ինքն էր գաղտնի տարածել, եւ շատ լաւ գիտեր, որ իրենց դպրոցում թռուցիկներ տարածուած լինելու իրողութիւնը յայտնի է գաղտնի ծառայութիւններին։ Թռուցիկներ տարածելու օրը դպրոցում բազմաթիւ լրջադէմ ու խիստ մտահոգ մարդիկ էին յայտնուել։ Ուսուցիչներն ու մանաւանդ դպրոցի տնօրէնը սարսափով համակուած մարդկանց տեսք էին ստացել։ Աշխարհի ահ ու սարսափ ՊԱԿ-ն էր հետաքննում գործը։ Նրանցից շատերն անձամբ էին տեսել եւ յիշում էին «հայրենիքի թշնամիների» զանգուածային աքսորները մանաւանդ 1949թ.-ին։ Ի՞նչ երաշխիք, որ իրենց էլ սիբիրներ չէին քշի։ Սիբիր տեղանունը հոգնակի թւով օգտագործելը երեւի խորհրդանշում էր սարսափի մեծութիւնը։
Մեր գործը հեշտ էր. Մենք ամբողջութեամբ տիրապետում էինք տեղեկատւութեանը՝ գիտէինք ինչպէս է բացայատուել գործը, ինչ է յայտնի եւ ինչպէս պէտք է ամբողջացնենք եղելութիւնը «չեկիստների» համար։ Այդպէս էին կոչւում ՊԱԿ-ի աշխատակիցները 1918 թուականին ստեղծուած կոմունիստական պետական ահաբեկչւոթեան կառոյցի՝ արտակարգ յանձնաժողովի, ռուսերէն «ՉԷԿԱ»-յի անունով։ Այդ ինքնավստահ ու ինքնագոհ ՊԱԿ-ի աշխատակիցների մտքով իսկ չէր կարող անցնել, որ16-17-ամեայ պատանիները կարող են նախապէս պայմանաւորուել, թէ ինչ են ասելու իրենց, ինչպէս են մոլորեցնելու փորձառու մասնագէտներին։ Նրանք հաւատացին մեր յօրինած պատմութեանը, որովհետեւ այդ պատմութիւնն ուներ սկիզբ, շարունակութիւն եւ աւարտ։
Իհարկէ, պիտի արձանգրեմ, որ դէպքերը կարող է բոլորովին այլ զարգացում ստանային, եթէ Մարիան չլռեր, եթէ բացայայտուելուց անմիջապէս յետոյ ցուցմունք տար։ Նրան՝ 16-ամեայ դպրոցականին լուրջ հոգեբանական ճնշումներին էին ենթարկել, սպառնացել, որ ընտանիքով Սիբիր կը քշեն, որ իրեն բանտ կտանեն, որ պատասխանատւութեան կը ենթարկեն նաեւ դպրոցականների խմբի ղեկավարին, ում պատասխանատւութեամբ աւարտական դասարանի աշաիերտներին տանում էին էքսկուրսիայ։ Կարծում եմ աւելի տպաւորիչ լինելու նպատակով 2 ժամով կանգնեցրել էին գնացքը ու պահանջել ասել, թէ՝ որտեղից իրեն եւ ո՞վ է տուել այդ թռուցիկները։ Եթէ մենք բաւարար փորձ ունենայինք, կարող էինք նախապէս պայմանաւորւոել, որ բացայայտուելու դէպքում ասում ենք, որ գտել ենք։ Սակայն մենք այլ բան էինք պայմանաւորուել՝ տարածում ենք գաղտնի եւ բացայատուելիս չենք մատնում մեր ընկերներին։ Մարիան միայն լռել էր ու լռել համառօրէն։ «Արտակարգ դէպքի» առիթով ժամանած «չեկիստները» տեսնելով, որ իրենց դիմաց ընդամենը մի աղջնակ է եւ վստահ լինելով, որ ուսուցիչների ու ծնողների օգնութեամբ վերջապէս կկոտրեն այդ համառ երեխայի լռութիւնը դադարեցրել էին ճնշումը եւ գնացքը շարունակել էր իր ճանապարհը դէպի Վանաձոր (այն ժամանակ բոլշեւիկեան գործչի անունով՝ Կիրովական) քաղաք։
Նոյն դպրոցական խմբում եւս երկու ՀԵՄ-ի անդամներ կային՝ Ժանոն եւ Սուսաննան։ Ժանոն էլ զանգահարեց եւ պատմեց եղելութիւնը։ Մարիային մեկուսացուած եւ հսկողութեան տակ էին պահում, բայց նա կարողացել էր ընկերներին փոխանցել, որ իր մոտ միայն մի քանի թռուցիկ են գտել, որ ոչինչ չի ասել եւ չի ասի։ Այդ մանկահասակ օրիորդը, իհարկէ, չէր էլ կռահում, որ մեր առաջին ուսուցիչն ու մարզիչն էր դառնում իր այդ պահուածքով։ Նա մեզ սովորեցրեց, որ ՊԱԿ-ից կարելի է չվախենալ ու չկատարել նրա աշխատակիցների պահանջը ինչով էլ որ սպառնան։ ՊԱԿ-ի ամենազոր լինելու առասպելը նա փոշիացրեց։
Ինձ մտահոգում էր այլ բան՝ Մարիան կդիմանա՞յ մինչեւ վերջ։ Չէ որ նա ճանաչում էր ՀԵՄ-ի գրեթէ բոլոր 26 անդամներին։ Եթէ ինչ-որ պահի թուլանար, ապա շատ ծանր հարուած կստանայինք։ Դրանից ելնելով ՀԵՄ-ի անդամ Վլադիմիրի միջոցով նրան նամակ ուղարկեցի, որ յաջորդ հարցաքննութեան ժամանակ ցուցմունք տայ, որ ես եւ ինքը մտերիմներ ենք եւ ես եմ իրեն տուել մի քանի թռուցիկներ։ Խմբի ղեկավարը լինելով ես կարող էի այդպիսի որոշում ընդունել։ Ինքս արդէն գոնէ իմ վրայ կարող էի վերցնել ամեն բան եւ կազմակերպութիւնը չէր տուժի։ Ծրագրիս մասին տեղեկանալով Երեւանի մէկ այլ թաղամասում բնակուող ՀԵՄ-ի անդամ Ազատ Արշակեանն առաջարկեց, որ ես էլ իր վրայ «ցուցմունք տամ», իսկ ինքն, ինչպէս ասացի, մանրամասն պատմի, թէ ինչպէս է իրենց դպրոցում գտել եւ ինձ՝ իր աւագ ընկերոջը, ով արդէն ուսանող է, փոխանցել այդ «անհասկանալի թղթերը»։
Ամեն ինչ մեր ծրագրածի պէս էլ եղաւ։ Շղթան փակուե։ Եւ մենք էինք գոհ, որ կարողացանք հիմարացնել «զգոն ու աչալուրջ չեկիստներին», եւ նրանք էին գոհ, որ կարողացել էին պարզել, թէ որտեղից էին յայտնուել այդ թռուցիկները։
Երկրորդ անգամ արդէն ինձ հարցաքննեցին Երեւանի Նալբանդեան եւ Խանջեան փողոցների խաչմերուկում տեղակայուած ՊԱԿ-ի կենտրոնակայանում՝ 1967թ.-ի դեկտեմբերի առաջին օրերին։ Նախորդ բացայատման առիթով մարդիկ մեծագոյն խորհդաւորութեամբ, որպէս գաղտնիք միմիանց պատմում էին, որ մեզ ՊԱԿ-ը հետապնդել է, հարցաքննել, որ մենք ազատասէր-հայրենասէր մարդիկ ենք եւ այդպէս մեր մասին իմացել էին եւ մեզ հետ կապ հաստատեցին Ազգային Միացեալ Կուսակցութիւն (ԱՄԿ) կոչուող հայ անկախականների ընդհատակեայ կազմակերպութեան ներկայացուցիչներ Շահէն Յարութիւնեանն ու Ստեփան Զատիկեանկ։ Ես, Ազատը եւ ՀԵՄ-ի եւս 4 անդամներ մարտի վերջին կամ ապրիլի սկզբին դարձել էինք ԱՄԿ երդուեալներ։ ԱՄԿ ղեկավարներն ինձ յանձնարարել էին ապագայ ԱՄԿ-ականներ պատրաստող առանձին կառոյց ստեղծել։ Այդ երիտասարդական կառոյց <<Շանթ>> ընկերութիւնն էր բացայայտուել։ 14 անդամ ունեցող այդ խմբի կանոնադրութեան ընդունումն ու ղեկավարութեան ընտրութիւնները եղան մեր վերջին գործը։ Երեք հոգանոց ղեկավարութիւն ընտրուեց՝ ես՝ 13, Ազատը Արշակեանն ու Կարապետ Ճղլեանը՝ 6-ական ձայնով։
Այդ գործով ինձ երեք օր հարցաքննեցին ՊԱԿ-ի շենքի երրորդ հարկի քննասենեակներում, բայց չկալանաւորեցին։ Ես ու Ազատը կարողացանք թաքցնել ԱՄԿ-ի հետ մեր, ինչպէս նաեւ «Շանթ» ընկերութեան անմիջական կապը։ «Շանթ»-ի միւս անդամները ոչինչ չասացին, որովհետեւ նրանք չգիտէին, որ մենք ԱՄԿ երիտասարդական մասնաճիւղ ենք։ Այդ անգամ կալանաւորումից մեզ փրկեց նաեւ այն, որ <<ՓԱՐՈՍ>> անունով տպագիր թերթ տարածած ԱՄԿ-ի համեմատութեամբ մենք մեր տարածած թռուցիկներով ու կանոնադրութեամբ սկսնակներ էինք թւում, ում կարելի էր պարզապէս վախեցնել- բաց թողնել ու կապ պահպանելով վերահսկել ազատութեան մէջ։ Կար այդպիսի աշխատաձեւ եւ ՊԱԿ-ում հատուկ ծառայութիւն էր գործում «ճշմարիտ ուղուց» շեղուած երիտասարդների հետ աշխատելու, նրանց հսկողութան տակ պահելու եւ ի վերջոյ հաւաքագրելու նպատակով։
Այդ հարցաքննութիւններից յետոյ ինձ կցուած էր կապիտան Էդիկ Յովհաննիսեանը։ Նա հանդիպում էր նաեւ Ազատ Արշակեանի հետ։ Այլ «չեկիստներ» հանդիպում էին միւսների՝ Կարոապետ Ճղլեանի, իմ համակուրսեցի Յակոբ Աշիկեանի, Անդրանիկ Մարգարեանի եւ միւսների հետ։ Մեզ ներկայացուած առաջին եւ կարեւորագոյն պահանջն այն էր, որ մենք իրար չպէտք է պատմէինք չեկիստների հետ հանդիպումների ու հարցաքննութիւնների մասին։ Դա չկալանաւորուելու հիմնական պայմանն էր։
«Շանթ» ընկերութեան գործունէութեան, նրա անդամների պահուածքի, հարցաքննութիւնների եւ դրանց յաջորդած մանաւանդ հոգեմբանական մանրամասների հիման վրայ կարելի է մի ողջ հատոր գրել, սակայն ես միայնմի քանի դրուագներ կը մատուցեմ։ Նախորդ հարցաքննութիւնների փորձն ինձ ու Ազատին օգնեց արագ յաթահարելու «չեկիստների» մեզ պարտադրած անտեանելի սակայն զորեղ հոգեբանական կապանքները։ Մենք առաջին իսկ պահից իրար ներկայացրինք մանրամասները։ Ազատն ինձ «»համոզեց» ՊԱԻ-ին տալ ծրագիր-կանոնադրութեան մէկ օրինակ։ Նրա առաջին կետում ասւում էր, որ «Շանթ» ընկերութեան հիմնական նպատակն է «պայքարել Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականութեան դէմ»։ Ես վախենում էի, որ դրա հիման վրայ մեզ կկալանաւորեն։ «Չէ, էդպէս չի,-պնդում էր Ազատը,- Իրենց ԱՄԿ-ն է պէտք։ Իրենք չգիտեն, որ մենք էլ ենք ԱՄԿ-ից։ Մենք իրենց չենք հետաքրքրում․ իրենք կուզէին մեր միջոցով ԱՄԿ-ի հետքի վրայ ընկնել, իսկ «Շանթ»-ի կանոնադրութիւնն իրենց տալով, մենք իրենց համար անվտանգ ենք դառնում»։ «Բայց ես իրենց ասել եմ, որ վառել եմ»։ «Դա նշանակութիւն չունի։ ասել էիր վառել եմ, որ հիմք չունենան մեր դէմ, բայց հիմա որոշեցինք տալ, որովհետեւ հաւատում ենք, որ մեզ չեն կալանաւորելու։ Եթէ իրենք նպատակ ունենային մեզկալանաւորել, բաց չէին թողնի։ Հիմա մենք ապացուցում ենք, որ վտանգաւոր չենք»։ Ազատի կանխազգացումը ճիշտ էր։ Երեւանից Մոսկուայ ԱՄԿ-ի ասպարէզ գալով էին անհանգիստ։ Հաւանաբար խստագոյն հրաման էր տրուած կենտրոնանալ այդ ուղղութեամբ։ 17-18 ամեայ սկսնակ երիտասարդներին մի լաւ վախեցնելն էլ բաւարար էր թւում։ (շարունակելի)