1in.am-ը գրում է․
Սիրիացի քրդերը քննադատել են Արևմուտքի տակտիկան, որն օդային հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում՝ փորձելով ճնշել ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ծայրահեղական խմբավորման հարձակումը: Խնդիրն այն է, որ ռումբերն ընկնում են այն շրջաններ, որոնք զինյալներն արդեն լքել են, հայտնում է The Guardian-ը:
Քրդերը նաև խոսում են օդային հարվածների անարդյունավետության մասին: «Իրականում միայն օդային հարվածները բավարար չեն Քոբանիում ԴԱԻՇ-ին հաղթելու համար,- հայտարարել է քրդական ուժերի ներկայացուցիչ Իդրիս Նասսանը:- Նրանք քաղաքը շրջապատել են 3 կողմից, և ռազմական ինքնաթիռները պարզապես չեն կարող հարվածներ հասցնել ամեն ստորաբաժանմանն առանձին և յուրաքանչյուր գրոհայինի ուղղությամբ»:
Նասսանի խոսքով՝ ծայրահեղական խմբավորման զինյալները սովորել են նվազեցնել ռմբակոծությունների հասցրած վնասը: «Ամեն անգամ, երբ ինքնաթիռ է մոտենում, նրանք լքում են իրենց բաց դիրքերը, ցրվում են ու թաքնվում: Ինչը մեզ իրականում պետք է՝ ցամաքային զերքերի աջակցությունն է: Նրանց հետ նետելու և հաղթելու համար մեզ անհրաժեշտ է ծանր զենք և ռազմամթերք»:
Սակայն Արևմուտքը պատրաստ չէ ցամաքային զորքեր մտցնել Իրաք և Սիրիա: Համենայն դեպս, այդ մասին հայտարարում են ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի, Գերմանիայի և զինյալների դիրքերի ուղղությամբ հարվածող կոալիցիայի այլ անդամների ղեկավարները: