Zaruhi TovmasyanMagaghat.am-ը գրում է․

Նկարչուհի Զարուհի Թովմասյանը, զրուցելով Magaghat.am կայքի հետ, պատմեց իր անցած ուղու, ներաշխարհի և նկարների ստեղծման մասին։

– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

– Հայրս իրավաբան էր, մայրս բժշկուհի, արմատներով ես մշեցի եմ։ Իմ ծնողները արվեստագետներ չէին, բայց նրանց ընկերների մեծ մասը արվեստագետներ էին՝ դերասաններ, ռեժիսորներ։ Նրանք շատ հաճախ էին գալիս մեզ հյուր։ Մտաբերելով մանկությունս՝ չեմ հիշում այնպիսի դեպք, երբ մենք միայն երեքով նստեինք ճաշելու. մենք միշտ հյուրեր էինք ունենում։ Այդ մթնոլորտը իր մեծ ազդեցությունն է ունեցել իմ կայացման վրա։

– Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

– Ես ընդունակություններ ունեի նկարչությունից, ֆիզիկայից, բայց հանգամանքների բերումով ընդունվեցի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանավարության բաժինը։ Սովորելու տարիներին մեզ դասավանդում էին իրենց գործի գիտակ պրոֆեսորներ, և բացի այդ` այդ տարներին մենք մեծ քանակով գրքեր էինք կարդում, ինչը նույնպես իր ազդեցությունն ունեցավ իմ կայացման ճանապարհին։

ԱՄԱՌԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ ԵՎ ՄՐԳԵՐՈՎ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ

Այժմ ես աշխատում եմ Իսահակյանի անվան գրադարանի Էրեբունի մասնաճյուղի գրապահոցում, շփվում ընթերցողների հետ։ Իմ հարուստ փորձը, մեծ քանակով կարդացած գրքերը թույլ են տալիս, որպեսզի ես կարողանամ ճիշտ ուղղություն ցույց տալ ընթերցողին։ Շատ եմ ուրախանում, երբ կարողանում եմ դպրոցականների մեջ գրքի հանդեպ սեր ներարկել այն աստիճան, որ նրանք որոշ ժամանակ անց գալիս են իրեց դասընկերների հետ, ովքեր նույպես ուզում են գրքեր կարդալ։

– Ե՞րբ եք սկսել նկարել:

– Նկարել սկսել եմ երեք տարեկանից։ Մանկուց շատ եմ սիրել նկարել։ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնից, տեսնելով իմ նկարները, ժամանակին դրանք` որպես իրենց կենտրոնի անդամի գործեր, ներկայացրին մրցույթի։ Սակայն այդ ժամանակ ես դեռ այդ կենտրոնում չէի սովորում, այնտեղ սկսեցի հաճախել ավելի ուշ։

– Իմ նատյուրմորտներում չեն երևում հստակ գծեր, գույները միախառնված են։ Ես կարծում եմ` եթե ցանկանում ես որևէ իր հստակ տեսնել, այնպես ինչպես նա կա, ապա կարող ես լուսանկարել, իսկ նկարած իրը պետք է ունենա իր ուրույն` իրականությունից շեղվող պատկերը։ Երբ փորձում եմ պատկերել հոգեվիճակ, այդ դեպքում դիմում եմ աբստրակտ ժանրին։ Շատ հաճախ նկարում եմ` ոգեշնչվելով երաժշտությունից։ Շատերն ասում են, որ իմ նկարներում արտացոլվում է ջազ երաժշտություն, սակայն երբ փորձում եմ հոգեվիճակ պատկերել, ապա այդ ժամանկ երաժշտությունն օգնում է միայն սկզբում, այնուհետև անհրաժեշտ է լռություն, որպեսզի լսես քո ներքին երաժշտությունը։
Ունեցել եմ անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև մասնակցել եմ խմբային ցուցահանդեսների։

– Ինչպե՞ս Ձեզ կբնութագրեք. իմպուլսիվ անձնավորություն եք, թե՞ տրամաբանող։

– Իմպուլսիվ, շուտ բռնկվող անձնավորություն եմ և շատ եմ սիրում շփվել մարդկանց հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել