«Իսլամական պետությանն»(ԻՊ) աջակցող իսլամական ծայրահեղ արմատական կառույցների ցանցն աստիճանաբար ընդլայնվում է: «Ուզբեկստանի իսլամական շարժում» կազմակերպության առաջնորդ Ուսման Ղազին հայտարարել է իր ղեկավարած խմբվորման՝ ԻՊ-ի հետ միավորվելու մասին: Ընդամենը սրանից 1 օր առաջ նման բնույթի հայտարարությամբ էր հանդես եկել պակիստանյան «Թահրիք-ա Տալիբան» ծայրահեղական կազմակերպությունը: Երևույթը բավականաչափ շարունակական է. ԻՊ-ին պարբերաբար միավորվում կամ իրենց աջակցության մասին են հայտարարում բազմաթիվ ծայրահեղական կառույցներ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային և Կենտրոնական Աֆրիկայում, իսկ առավել առարկայական կերպով՝ Սիրիայում գործող տարաբնույթ հակակառավարական խմբավորումներ, անգամ նրա ոխերիմ հակառակորդների՝ «Նուսրայի ճակատ», «Իսլամական ճակատ» կազմակերպությունների շարքերից:
Մեծ հաշվով, առանց չափազանցության կարելի է պնդել, որ ԻՊ-ի մարտավարությունը գործում է աննշան շեղումներով՝ նպաստելով մի կողմից կառույցի ցանցի ընդլայնման, ինչը գործնականում հնարավորություն կընձեռնի նաև առարկայական համալրումների շարունակականության ապահովման, մյուս կողմից՝ տարածաշրջանային դերակատարների հետ ստվերային սակարկությունների ու պայմանավորվածությունների հավանականության:
Իսկ միջազգային կոալիցիայի գործողությունների հետևանքով, չնայած շատ հաճախ իսլամականներին հասցվող էական վնասներին, այնուամենայնիվ, նրանց հեղինակությունն մուսուլմանական աշխարհում աճում է ճիշտ նույն թափով, ինչ իսրայելական զինուժի կողմից, ասենք, «Համասին» պարբերաբար հասցվող ռազմական հարվածների պարագայում, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Իսլամական դիմադրության շարժման» հետ բանակցելու, անգամ հաշվի նստելու հանգամանքը, կարծես թե, անխուսափելի է դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել