Երբ տեսնում եմ, թե ինչպես են որոշ մարդիկ անկեղծորեն հավատում, որ Եռյակը ինչ որ նոր շունչ է, կամ էլ՝ ինչ որ բան է փոխելու դեպի լավը, մոտս միայն տխուր քմծիծաղ է առաջանում։ Ամենևին ոչ նրա համար, որ Եռյակին դեմ եմ, կամ ՀՀԿ-ին ու գործող իշխանություններին եմ կողմ, բնավ... Ուղակի վերլուծելով մեր անկախության տարիները, վերջնականապես համոզվել են, որ մեզ մոտ արդեն 23 տարի է աբսուրդի թատրոն է ու ֆարսի ջրապտույտ, որն ունի ցիկլիկ բնույթ և կրկնվում է ամեն անգամ։
Խեղված հայլիների հայկական թագավորությունը մի տեղ է, որտեղ
- 23 տարի առաջ առաջին փուլում ջախջախիչ հաղթանակ տարած նախագահին այսօր ատում է նույն թվով մարդ, որքան նրան ձայն էր տվել 91 թվին,
- Անկախության սիմվոլ հռչակված մեկը այսօր հանդիսանում է քաղաքական ծաղրածուության և սիմուլյանտության խորհրդանիշ,
- Երբեմնի իրոք համազգային ՀՀՇ-ն սկզբում դարձավ տիրանիկ ու ատելի կառույց, իսկ հետո արմատական ու մարգինալիզացված քաղաքական միկրոսկոպիկ միավոր։
- Երբեմնի մարգինալիզացված ու ՀՀՇ-ի պոչից կպած քաղաքական միավոր ՀՀԿ-ն դառավ քաղաքական դաշտի դոմինանտ ուժ ու ճզմեց ՀՀՇ-ին։
- Հերոսները դարձան հանցագործ, իսկ հանցագործները՝ հերոս։ Թալանչիները դարձել են զորավար, իսկ զորավարները մոռացվել են։
- Բանդիտները դառնում են օլիգարխ, օլիգարխները՝ բարերար մեսսիա, բարերար-մեսսիաները՝ բանդիտ։
- Սարսափով ենք հիշում «ախռաննիկական բեսպրեդելի տարիները» ու մոմ ենք վառում, թե երբ են դրանք նորից գալու։
- Հազարավոր մատղաշ կյանք ենք տալիս Ղարաբաղի համար, հետո հիացած ծափահարում ենք, երբ տրիբունից Ղարաբաղի ժողովրդին ինչ ասես ասում են, իսկ հետո երդում ենք տալիս մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել էլի նույն Ղարաբաղը։
- Պատրաստ ենք ամեն անգամ հավատալ անգամ վերջին ծաղրածուին, ով «ձեռնոց կնետի» գործող իշխանություններին, հավատալ ժամանակին ատելի իշխանություն եղածներին՝ ընդդեմ գործող իշխանությունների, հետո հիասթափվում ենք ու ասում, որ էլ երեք չենք հավատալու, իսկ մյուս միջոցին էլի հավատում ենք էլ ավելի աբսուրդային թեկնածուների ու գաղափարների։
Ու էլի բազմաթիվ այլ աբսուրդներ, որոնք ամեն անգամ կրկնվում են այս կամ այն ձևով ու ամեն անգամ ավելի են հեռացնում ու հիասթափացնում մարդկանց անկախությունից, պետականությունից, սեփական ժողովրդից ու հայրենիքից։