Life.panorama.am-ը գրում է․
Արփենիկ Բոյաջյանը 20 տարուց ավելի է աշխատում դպրոցում: Այս ընթացքում տարբեր դպրոցների աշակերտների հետ է աշխատել, այժմ իր գիտելիքներն է փոխանցում Երևանի թիվ 2 ավագ դպրոցի սաներին: Նա ի սկզբանե այլ մասնագիտություն է ընտրել, սակայն ինչպես ինքն է ասում, երեխաների հետ աշխատելու սերը վաղուց է իր մեջ եղել: Աշխատանքային անցած ուղու, հաջողությունների, ձեռքբերումների մասինLife.panorama.am-ը զրուցել է Արփենիկ Բոյաջյանի հետ:
-Տիկին Բոյաջյան, ե՞րբ որպես ուսուցչուհի առաջին անգամ ոտք դրեցիք դպրոց, ի՞նչտպավորություն ունեիք:
-Երբ առաջին անգամ որպես ուսուցչուհի մտա դպրոց, այդ ժամանակ աշխատում էի Պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես ինժեներ: Սկզբում փորձեցի աշխատանքս համատեղել: Իմ աշխատանքին զուգահեռ մանկավարժական գործունեությունս սկսեցի 1993 թվականից թիվ 68 դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: Նշեմ, որ մինչ այդ, ես ուսանողական տարիներին մեկ անգամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու փորձ արդեն արել էի: Ամառային արձակուրդներին աշխատել եմ Գայի անվան պիոներական ճամբարում: Ես մասնագիտությամբ մանկավարժ չեմ, ավարտել եմ պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, բայց փորձեցի աշխատել նաև երեխաների հետ: Փորձեցի և, կարծես թե, ստացվեց: Սկզբից, անշուշտ, կար դժվարություն, հետո դա այնպես հաղթահարվեց, որ առաջարկեցին շարունակել աշխատանքս ճամբարում: Ամառային արձակուրդների հետ նաև այդ փորձս ավարտվեց: Հետո արդեն, ինչպես նշեցի, դպրոցում աշխատեցի համատեղության կարգով: Երբ արդեն հասկացա, որ կարող եմ շարունակել, որպես մաթեմատիկայի ուսուցչուհի սկսեցի աշխատել թիվ 49 դպրոցում, արդեն առանց համատեղության, այն դարձավ իմ հիմնական աշխատանքը: Հիմա նայում եմ, ուսուցիչերը վախվորած են մտնում դպրոց, իսկ ես որևէ տհաճ հիշողություն չունեմ: Հիշում եմ՝ դպրոցում շշուկներ էին պտտվում այն մասին, որ երիտասարդ ուսուցչուհի է եկել: Երեխաները սիրում են երիտասարդ ուսուցչուհիներին: Թե թիվ 68, թե թիվ 49 դպրոցներում իմ մուտքը սահուն եղավ, շատ հարթ ընթացավ, ես չեմ հիշում, որևէ բարդություն: Գիտեք, հետադարձ հայացքով, որ նայում եմ, հասկանում եմ մի բան, մանկավարժի մասնագիտություն չեմ ընտրել, բայց երևի այն իմ էության մեջ է եղել:
-Արդեն 21 տարի է աշխատում եք դպրոցում, այս ընթացքում դպրոցն ի՞նչ դարձավ ձեզհամար:
-Դպրոցը ես ընկալում եմ որպես ընտանիք: Եթե գումարենք դպրոցում անցկացրած ժամերը, ապա կտեսնենք, որ կյանքի բավական մի մեծ հատված անցկացնում ենք դպրոցում: Սա իմ երկրորդ տունն է: Ես ուսուցչուհի աշխատելուց զատ նաև ղեկավար աշխատանք եմ կատարել: Ես սիրում եմ իմ գործը, սիրում եմ երեխաների, սիրում եմ մարդկանց հետ աշխատելը:
-Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի ուսուցչուհին:
-Ամենից առաջ նախ կարևորում եմ մարդկային հատկանիշները, որովհետև երեխան շատ նուրբ էակ է և ամեն ինչ վերցնում է անմիջապես: Երևի, երեխան ավելի շուտ է ճանաչում մարդուն, քան մենք: Եթե դրականը, մարդկային արժեքները կան, ապա այդ փոխըմբռնումը կայանում է: Մարդկային հարաբերությունները չկարգավորվելու պարագայում դասապրոցեսը դատապարտված է: Ամեն ինչ սկսվում է մարդկային հարաբերություններից: Հետո արդեն մասնագիտական հարցերն են: Ամեն մի նոր դասարան վերցնելիս, ես նախ կառուցում եմ մարդկային փոխհարաբերությունները: Համբերությունը, հոգատարությունը, այդ բոլորը ուսուցչին բնորոշ հատկանիշներ են: Չեմ կարողանում անտարբեր անցնել, երբ տեսնում եմ, որ փողոցում դեռահասը ծխում է: Ես չեմ կարող չարտահայտվել, ցավով դիտողություն եմ անում: Աշակերտը ցուրտ եղանակին բարակ հագուստով է, անհանգստանում եմ, մտածում եմ կմրսի: Դա պիտի ներսից գա: Անտարբերությունը չի համատեղվում ուսուցչի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



