Այսօրվա աշխարհը պոռնկատուն է հիշեցնում, իսկ մենք նման ենք մեկին, ով այնտեղ աշխատանքի մտնելով ցանկանում է կույս մնալ:
Ամեն անգամ, երբ հայտնվում ենք կրիտիկական իրավիճակներում, երբ ասենք, ինչ որ մեկը մեզ խաբում կամ մատների վրա խաղացնում է, կամ ասում է մի բան, բայց անում տրամագծորեն դրա հակառակը, մեկ ուրիշը դրժում է բոլոր պայմանավորվածություններն ու խոստումները, այսինքն կարճ ասած այն ամենն ինչ տեղի է ունենում այսօրվա քաղաքակիրթ աշխարհ կոչվածի օրենքներով ու տրամաբանությամբ, մեր քաղաքական էլիտա կոչվածը` որտեղ, մեծ հաշվով, հավաքված է հանրապետությանս երևացող քաղաքական, մտավորական, ազգային-գաղափարախոսական ողջ պոտենցիալը, միտքը, միշտ հայտարարում է, թե մենք` ազգովի այնքան անբարոյական չենք որ նման քայլերի դիմենք, կամ այսքան ֆինանսական կարողություն չունենք և այլն, ու միշտ, որպես օրենք հնչում է հետևյալ միտքը. “մենք ասիմետրիկ գործողություններ կձեռնարկենք, ինչը կտեսնեք, որ առավել արդյունավետ կլինի”, սակայն ահա քսան տարի է, այդպիսի արդյունավետ, անսպասելի, հանկարծահաս հակահարված ոչ ոք մեզանից չի ստացել և ամեն ինչ նույն կերպ էլ շարունակվում է: Անգամ սպասված, ջրի երեսին լողացող, պարզ ու հասարակ գործողությունների իրականացումն իսկ, մերոնց մտքով կամ չի անցնում, կամ թվում է անիրականանալի, կամ էլ, հավանաբար, հակասում է մեզ անվերջ ձեռք առնող քաղաքակիրթ աշխարհ կոչվածի, կամ եղբայր-հարևան կամ էլ ռազմավարական գործընկեր հորջորջվող որևէ մեկի շահերին, որոնց պահպանման համար, չգիտես ինչու, միայն մենք պիտի գնանք այսչափ մեծ զոհողությունների: Տպավորություն է ստեղծվում, որ սրանք բոլորը մեզ ընկալում են որպես քավության նոխազ /козел отпущения/:
Ահա այսպիսի մի պարզ, սակայն չգիտես ինչու չիրականացվող գործողության օրինակ.
Մի քանի տարի առաջ քաղաքակիրթ աշխարհը, տեղեկանալով Հայաստանի տրանսպորտային շրջափակման և հայ-թուրքական հարաբերությունների ոչ կարգավորված լինելու մասին, անմիջապես ձեռնամուխ եղավ խնդրի լուծմանը` հատուկ շեշտելով առանց նախապայմանների սահմանների վերաբացման և տրանսպորտային հաղորդակցության վերականգնման կարևորությունը, և արդյունքում կնքվեցին բոլորիս քաջ հայտնի հայ- թուրքական արձանագրությունները, որոնք թուրքական կողմը չվավերացրեց, և Աստծուն փառք: Այս անգամ Թուրքիան, կարծես, “խաղաց” ի նպաստ Հայաստանի, իսկ միջնորդներն ու ոչ միայն նրանք, հարկ եղած դեպքում Թուրքիայի գլխին բամփելու իրենց համար մի հավելյալ մահակ ձեռք բերեցին:
Հարց է առաջանում. Եթե միջազգային առաջադեմ հանրության Հայաստանի տրանսպորտային շրջափակման վերացման մտահոգությունները իսկապես անկեղծ էին և են, ու նրանք այլ՝ Հայաստանի շրջափակման հետ բոլորովին կապ չունեցող նպատակներ չէին հետապնդում, ապա ինչպես հասկանալ այս հարցում այդ պետությունների ու միջազգային կառույցների անհետևողականությունը: Չէ որ Հայաստանը շրջափակումից դուրս բերելու մեկ այլ տարբերակ էլ գոյություն ունի, և տարօրինակն այն է, որ որևէ մեկի` առաջին հերթին մեր կառավարողների, քաղաքականությամբ զբաղվողների, ինչպես նաև միջազգային այդ նույն կառույցների կողմից հաշվի չի առնվում մեզ համար առավել նպաստավոր և շատ ավելի դյուրին իրականանալի տրանսպորտային հաղորդակցության վերականգման հենց այդ տարբերակը, այնինչ, դրա իրականացման բոլոր նախադրյալներն առկա են, սակայն, այդ տարբերակը կարծես գոյություն չունի և ճանապարհն էլ մեզ հավիտենական եղբայրության ու հավատարմության երդումներ տվող երկրի տարածքով չի անցնում: Խոսքը Հայաստան-Վրաստան- Աբխազիա- Ռուսաստան երկաթուղու մասին է:
Գնանք ըստ հերթականության.
01.06.2011-ին Ռուսական երկաթուղիներ կազմակերպության ղեկավար Վլադիմիր Յակունինը զեկուցեց իր նախագահին, որ Աբխազական երկաթուղու վերանորոգման աշխատանքներն ավարտված են և հունիս ամսից արդեն կանոնավոր գործում է երկաթուղու Սուխումի-Վեսյոլոյե հատվածը:
29.08. 2011-ին` մեկ տարի առաջ, Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբը ռուսական «Комерсантъ» գործակալությանը տված իր առաջին հարցազրույցներից մեկում ասաց. “Աբխազիան պատրաստ է բաց անել երկաթուղային տարանցիկ հաղորդակցությունը դեպի Հայաստան, սակայն դա միայն Աբխազիայից չի կախված”:
27.12.2011-ին “Ազատ Վրաստան” կուսակցության նախագահ Կախի Կուկավան հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ողջունում էր Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի արած հայտարարությունն, ինչն իր` Կուկավայի կարծիքով, դրական ազդեցություն կունենա նաև Վրաց-Աբխազական տարաձայնությունների կարգավորման վրա և կոչ արեց Վրաստանի իշխանություններին անհապաղ արձագանքել Անկվաբի նախաձեռնությանը: Վրաստանի մեդիա տարածքում Կախի Կուկավայի այս հայտարարությունը բուռն քննարկումների առարկա դարձավ, կարծիքներ արտահայտվեցին ինչպես թույլիկ կողմ, այնպես էլ հիմնականում հակահայ դեմ:
Որքան էլ տարօրինակ թվա, ինչպես Անկվաբի, այնպես էլ Կուկավայի` առաջին հերթին մեզ համար գերկարևոր այս առաջարկ-հայտարարություններին ոչ 2011-ին և ոչ էլ դրանից հետո Հայաստանում ցավոք ոչ ոք չարձագանքեց, որևէ քննարկում կամ խոսակցություն տեղի չունեցավ, որևէ կարծիք անգամ չհայտնվեց ոչ կառավարության, ոչ դիմադիր և ընդդիմություն անվանվող կուսակցությունների, ոչ որևէ շահագրգիռ կազմակերպության կողմից և տպավորությունն այնպիսին է, կարծես մենք այս ամենից կամ անտեղյակ ենք, կամ այդ խնդիրը մեզ չի էլ հետաքրքրում և մենք չենք հայտնվել շրջափակման մեջ և կամ շատ ավելի կարևոր` խորհրդարանում գործարարների լինել-չլինելու, այնտեղ ով որ աթոռին նստելու, մեծամասնական կամ համամասնական տոկոսադրույքաչափերի ճշգրտման, իսկ այժմ էլ 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված խնդիրներով էինք և ենք զբաղված և դրա ժամանակը չկա…
Ակնհայտ է, որ Հայաստան-Վրաստան- Աբխազիա-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերագործարկումը չափազանց մեծ դերակատարում կարող է ունենալ Հայաստանի տնտեսական կյանքում, մանավանդ որ այսօրվա մեր վարչակազմը զբոսաշրջությունը զարգացնելու, Հայաստանը`տարածաշրջանային օդահաղորդակցության տրանզիտային խոշոր տերմինալի, բանկային կենտրոնի վերածելու, ծառայություններ մատուցելով ապրող ԱՄՆ-ի նման երկիր կառուցելու, աշխարհի լավագույն համալսարանների նման առնվազն տասը համալսարան ունենալու և այլևայլ դարակազմիկ ծրագրերի իրականացմանը զուգընթաց, այժմ էլ արտահանման ծավալների ավելացման խնդիր է դրել իր առջև, ինչն առանց համեմատաբար էժան և անխափան գործող տրանսպորտային` մեզ համար երկաթուղային հաղորդակցության, անհնար է իրականացնել:
Ակներև է նաև, որ հենց այս երկաթուղու գործարկման շնորհիվ անհամեմատ ավելի կհեշտանան, հետևաբար և զգալի կավելանան ոչ ենթադրյալ եվրոպական, այլ իրական ռուսաստանյան, ինչպես նաև պոստսովետական երկրների շուկաներում քիչ թե շատ պահանջարկ ունեցող հայկական գյուղատնտեսական, շինարարական, արդյունաբերական և տեղական արտադրության այլևայլ ապրանքների արտահանման հնարավորությունները, ինչը մեր գործարարներին հավանաբար կշահագրգռի ներդրումներ կատարել ոչ միայն ապրանքների ներկրման, այլ նաև նրանց արտադրության և արտահանման ոլորտներում, որի շնորհիվ մասամբ կլուծվի երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը` աշխատատեղերի ավելացման խնդիրը:
Մյուս կողմից, և սա հավանաբար ամենակարևորն է, այս երկաթուղու վերագործարկման վերաբերյալ խոսակցություններն, առավել ևս հարցի շուրջ բանակցություններ սկսելու մասին լուրերն արդեն, տարածաշրջանային հարաբերություններում Հայաստանի համար չափազանց շահեկան կլինեն, եթե չասենք շրջադարձային նշանակություն կարող են ունենալ:
Պարզ է, որ Հայ-Ադրբեջանական, Հայ- Թուրքական հարաբերություններում կփոխվի մեր օպոնենտների խոսակցությունների տոնայնությունը, քանզի վերջիններիս մոտ կնշմարվի տրանսպորտային շրջափակմամբ պայմանավորված իրենց հիմնական կռվանի մոտալուտ կորուստը: Ինչ խոսք, սա իր ազդեցությունը կունենա նաև տարածաշրջանային գործընթացներով շահագրգռված այլ երկրների մոտեցումների վրա, քանզի փոխված կլինի այդ գործընթացների հիմնական մասնակիցներից մեկի` Հայաստանի “խաղաքարտերի” զորությունն ու դասավորվածությունը:
Որոշ նկատառումներ
ա/ Այս խնդրում գլխավոր դերակատարն իհարկե Վրաստանն է ու գրեթե ամեն բան նրանից է կախված: Անզեն աչքով անգամ երևում է, որ Վրաց-Աբխազական տրանսպորտային հաղորդակցության դադարեցումը, ինչպես կարող է պնդել Վրաստանը, բոլորովին էլ Աբխազներին “պատժելու համար” չէ, այն չի վնասում Աբխազիային, քանզի նրա, հիմնականում ցիտրուսային գյուղապրանքների համար միշտ էլ Ռուսաստանն է որպես գլխավոր շուկա ծառայել և Աբխազական ծովափնյա հանգստավայրերից էլ ժամանակին առավելապես օգտվում էին և այժմ էլ օգտվում են նախկին սովետական հանրապետությունների, առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիները: Հակառակը` սահմանը փակ պահելով, Վրաստանը ավելի ու ավելի է իրենից վանում աբխազներին, էլ ավելի խորացնելով ազգամիջյան անդունդը և դրանով առաջին հերթին վնասելով ինքն իրեն: Ակներև է նաև, որ այդ սահմանի կողպված լինելը որևէ կերպ չի կարող վնասել նաև Ռուսաստանին: Քաղաքական, առավել ևս տնտեսական առումով Ռուսաստանը թքած ունի այդ սահմանի բաց կամ փակ լինելու վրա և ինչպես հասկացնում է, անհրաժեշտության դեպքում մեկ օրում այդ ճանապարհը տանկերով ու բուլդոզերներով բաց կանի:
Սահմանը փակ պահելու գլխավոր թիրախը, իմ խորին համոզմամբ, Հայաստանն է` նրան վնասելը և դիմացը Թուրքիայից ու Ադրբեջանից շանտաժի միջոցով ցանկացած հարցում առավելագույն արտոնություններ ստանալը: Գուցե ես սխալվում եմ իմ դատողություններում, տա Աստված, որ այդպես լինի, և այս պարագայում կարծում եմ հարցի լուծման ընթացքը կարող է հայ- վրացական հարաբերություններում Վրաստանի անկեղծությունը ստուգող “լակմուսի թուղթը” լինել, և վերջապես վրացիները հնարավորություն կունենան Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների, փոխօգնության վերաբերյալ խոստումները կոնկրետ գործի վերածել:
Մեր վրացի եղբայրները վերջապես պետք է հասկանան, որ ցանկացած մարդ, ժողովուրդ, վերջապես ստանում է այն` ինչին ինքն արժանի է, այլ ոչ այն` ինչ ինքը ցանկանում է ունենալ ամեն գնով: Ազգի մեծությունն ու վեհությունը, ինչի մասին որ շատ սիրում են խոսել մեր հարևանները, ձեռք է բերվում տարիների, դարերի համառ, քրտնաջան ու անբասիր աշխատանքով, ուրիշներին վեհանձնաբար ծառայելով և բարություն անելով, այլ ոչ թե հավերժ սիրո, եղբայրության, բարեկամության մասին դատարկ կենացներ արտասանելով ու հակառակն անելով… Մյուս կողմից, Հայաստանի համար բեռնափոխադրումների նպատակով Վրաց- Աբխազական սահմանի բացումը Վրաստանի ազգային լավագույն փիար ակցիաների շարքին կարող է դասվել /ինչն իրենք շատ են կարևորում` только мы- Грузины можем все/, քանզի այստեղ և եղբայրության հաստատում կա, և մարդասիրություն, և սեփական շահերի թերակայություն հանուն մերձավորի, և միջազգային հարաբերությունների ասպարեզում մինչև այժմ մարդկության պատմության մեջ չլսված և չտեսնված բոլորովին նոր մոտեցում, ժողովրդավարության մի նոր դրսևորում, Հայտնության նման մի բան և այլն, և այլն:
բ/ Երկաթգծի գործարկմամբ Վրաստանի ինքնիշխանությունը որևէ կերպ վտանգված չի կարող համարվել, քանի որ խոսքը գնում է միայն բեռների տարանցիկ փոխադրման մասին, որոնք, ըստ Ռուսաստանի կողմից ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ վերջերս ստորագրած համաձայնագրի, Վրաստանի կողմից կարող են վերահսկվել ինչպես Ռուս-Աբխազական, այնպես էլ Վրաց-Աբխազական և իհարկե Հայ-Վրացական սահմաններին: Հակառակը, Վրաստանը, ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում, հնարավորություն է ստանում աբխազ ժողովրդի մոտ վերականգնելու իր կորսված հեղինակությունը և ինչու ոչ, /և սա ճիշտ է նկատել Կախի Կուկավան/ տարածաշրջանային իրադարձությունների իրենց համար բարենպաստ զարգացումների դեպքում, գուցե նաև իր տարածքային ամբողջականությունը:
գ/ Հայաստանի համար, երկաթուղային հաղորդակցության միջոցով, բեռների տարանցիկ փոխադրման նպատակով Վրաց-Աբխազական սահմանի բացմանն ուղղված Հայաստանի ակտիվ միջնորդությամբ իրականացվող կամ ուղղակի կայացող Վրաց-Աբխազական, Ռուս-Վրացական, կամ մի շարք այլ եռակողմ կամ քառակողմ բանակցությունները, հիմնական խնդրի լուծման համար ուղիներ որոնելուց բացի, աներկբայորեն կմեղմեն այդ երկրների միջև առկա լարվածությունները, որոշակի նախապայմաններ ստեղծելով նրանց միջև առկա տարաձայնությունների հարթեցման համար, ինչում շահագրգռված են թե Ռուսաստանը, թե Վրաստանը, թե Աբխազիան և իհարկե նաև Հայաստանը:
դ/ Եթե հաշվի առնենք եվրոպական և համաշխարհային մի շարք կառույցների ուղերձները եվրոպական արժեքներ դավանող, եվրոկառույցների հետ ակտրվորեն համագործակցող, եվրոպական համակարգերին անդամակցորթյանը հավակնող երկրներին հարևան պերությունների հետ հարաբերությունների վերաբերյալ /երկրների միջև փակ սահմանների գոյության, տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումների անթույլատրելիություն, ինչպես նաև երկու երկրների միջև առկա կոնֆլիկտի պարագայում երրորդ երկրների տրանսպորտային հաղորդակցությանը խոչնդոտող գործողություններից զերծ մնալու միջազգային կոնվենցիաների պահպանման և այլն/ , ապա պարզ կդառնա, որ այդ կառույցները պետք է որ նույնպես ակտիվորեն ներգրավվեն և աջակցեն այս գործընթացին, մանավանդ, որ և Հայաստանը, և Վրաստանը Եվրոմիության “Արևելյան գործընկերություն” ծրագրի մասնակիցներ են և, ինչ խոսք, այստեղ, իհարկե, մեծ դեր կարող է ունենալ Ֆրանսիան, քանզի այդ երկրի նախագահի ակտիվ միջամտության արդյունքում էր, որ կանխվեցին Ռուս- Վրացական պատերազմական զարգացումները:
ե/ Այսքանից հետո, թող մեկն ինձ ապացուցի, որ այս ամենի իրականացումն անհնար է: Իհարկե սա դժվար է, և իրականացնելու համար պետությունը արտգործնախարարություն պիտի ունենա, որը պիտի բանակցություններ սկսի Վրաստանի հետ, պետք եղած դեպքում որոշ խիստ պայմաններ դնի, ինչ որ անսպասելի բան ցույց տա, քաղաքակիրթ անվանված աշխարհի հետ պիտի բանակցի, ու համոզի նրանց էլ, որ իրենց իսկ օրենքներին հետևեն, որ բավական է փորիսեցիություն անել ու դատարկ խոսակցություններով այս ժողովրդի ականջներին լապշա կախել, պետք է գոնե մեկ անգամ մարդ լինել ու մեկտեղել ասածն ու արածը, պետությունը պիտի Ազգային Ժողով ունենա, որի պատգամավորները մի պահ պիտի մոռանան իրենց սեփական գործերն ու մեկ մեկ էլ ազգային խնդիրների հետ կապված գոնե ինչ որ հայտարարություններ անեն, ինչ որ բան առաջարկեն, պետությունը կառավարություն պիտի ունենա, որի անդամները պիտի մի կողմ դնեն իրենց կոմպրադորային գործունեությունը և լուրջ, իսկապես ազգափրկիչ գործունեություն ծավալեն…