Тert.am-ը գրում է
ՀՀ Կառավարության հայտարարությանը, թե 2015-2016 թթ.-ին ամբողջովին լուծված կլինի աղետի գոտու բնակարանների խնդիրը, Գյումրիում թերահավատությամբ են մոտենում: Գյումրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը, որպես իրավիճակին քաջ ծանոթ մարդ, գտնում է, որ այդ հայտարարությունն այնքան անիրական է, որքան խորհրդային տարիներին Միխայիլ Գորբաչովի նույնաբովանդակ հայտարարությունն էր:
Նշենք, որ Կառավարությունը որոշել է բնակարանի կարիք ունեցող 450 ընտանիքներից 215-ին տրամադրել բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ), իսկ մինչ 2016 թվականը վերջնական լուծել նաև մյուսների խնդիրը:
«Նախ՝ նման հավակնոտ հայտարարություն, որ 2015-2016 թվականներին աղետի գոտու խնդիրը կլուծվի, արել էր նաև ՀՀ Նախագահը՝ վերջնաժամկետ հայտարարելով 2013 թվականը: Նմանատիպ հայտարարություններ վերջին քառորդ տարում աղետի գոտում լսվել է մոտավորապես 6-7 անգամ՝ տարբեր ղեկավարների կողմից՝ սկսած Խորհրդային միության ղեղավար Գորբաչովից: Դրանից հետո պարբերաբար բոլոր իշխանությունները՝ նախագահությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռուբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, հայտարարել են նման ժամկետներ և, բնականաբար, հետաձգել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս ներկայացմամբ՝ եթե իշխանություններն ասում են՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, հավանաբար նկատի ունեն՝ անօթևանների ցուցակում հաշվառված: Այդ ցուցակը ձևավորվել է 2008թ.-ի նոյեմբերի մեկի դրությամբ: Հիմա այդ ցուցակում եթե միայն Գյումրիի մասին խոսելու լինեն, ապա մոտ 700 ընտանիք կա հաշվառված: «Էլ չեմ խոսում այն երեք հազար ընտանիքների մասին, որոնք ապրում են ժամանակավոր կացարաններում, ծանր պայմաններում, բայց անօթևանների ցուցակում հաշվառված չեն: Դրանց մեջ կան նաև տասնյակ կիսափուլ շենքեր, որոնք նախորդ տարիներին խոստացել են վերակառուցել, բայց չեն արվել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ աղետի գոտու բնակարանների խնդիրը լուծելու համար համալիր ծրագիր պետք է իրականացնել:
Թումասյանն անձամբ ԲԳՎ-ներին դեմ չէ, բայց գտնում է, որ միայն մի ճանապարհով չեն կարող այդ հարցը լուծել. և´ բնակարանային շինարարություն պետք է լինի, և´ բարեգործական տարբեր ֆոնդերի օգնություն պետք է լինի, և´ վկայականներ պետք է տրամադրվեն: «Մեկ տարի կանցնի, և խնդիրը դեռ լուծված չի լինի, բայց երբ իշխանությունները նման հավակնոտ հայտարարություններ են անում, վնաս են հասցնում աղետի գոտուն: 25 տարի այդ հայտարարություններով վնաս են հասցրել: Ցավոք՝ ես համոզված եմ, որ այս տեմպերով առաջիկա 25 տարում Գյումրին տնակներից չի ազատվի»,-ասաց նա՝ շեշտելով, որ քաջածանոթ մարդը կհասկանա, որ աղետի գոտում բնակարանների հարցը բնակարանների գնման վկայականների տրամադրման ճանապարհով հնարավոր չի վերջնական լուծել 2016թ.-ին:
Նա նաև մատնանշեց, որ Կառավարությունը մի վտանգավոր հայտարարություն ևս արել է՝ ասելով, որ մեկ քառակուսի մետրի համար գումար են տալիս, մարդիկ կարող են ավելի էժան գնել բնակարան և գումար խնայել. «Այդպիսով՝ արդյունքում էլի կլինեն մարդիկ, որոնք կգնան ու ժամանակավոր կացարաններ կգնեն ու կրկին կհամարվեն անօթևան»:
Շարունակությունն՝ այստեղ



