Երեկ աղոթքի մասին մի քարոզ էի լսում ու դրանից հետո անդրադարձա որ Հայր Մերի մեջ բոլոր խնդրվածքները "Մեր"-ի համար են ու չկա ոչ մի խնդրվածք Ես-ի համար: Ամեն ինչ, մեր Տիրոջ կողմից սովորեցրած այս աղոթքում, հոգնակի թվով է ու չկա որ մի խնդրվածք եզակի թվով: Օրինակ.
Հայր Մեր, այլ ոչ թէ հայր իմ
Մեր ամենօրյա հացը, այլ ոչ թէ իմ ամենօյա հացը
Տուր Մեզ, այլ ոչ թէ տուր ինձ
Ներիր մեզ, այլ ոչ թէ ներիր ինձ
Ինչպես որ մենք ենք ներում, այլ ոչ թէ ինչպես որ ես եմ ներում
Մի տար մեզ փորձության, այլ ոչ թէ մի տար ինձ փորձության
Այլ փրկիր մեզ չարից, ոչ թէ փրկիր ինձ չարից
Ահա 7 հիշեցում մեր Տիրոջ կողմից սովորեցրած այս աղոթքում, որ աղոթքը զղջման ու ապաշխարության հետ զուգահեռ նաև հոգատարություն ու խնամք է ամբողջ ԸՆՏԱՆԻՔԻ կարիքների ու բարօրության համար: Իսկ դա սեր է: Ու հանկարծ պետք չէ, որ աղոթքը դառնա սեփական ընչաքաղցությունը բավարարելու միջոց ու հույս՝ թէ ինձ այս տուր կամ այն տուր, իմ մեղքը ներիր ու ինձ ազատիր փորձությունից, իսկ մնացածին էլ դու գիտես, ես այդքան էլ մտահոգված չեմ իրենց կարիքներով: Սա այդ սերը չէր լինի, որի մասին Տէր Հիսուսը հատուկ պատվիրեց թէ «սիրեցեք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի:» Հովհ. 13:34
Պատմությունից մենք գիտենք սուրբեր ու Եկեղեցու հայրեր, որոնք ավելի շատ աղոթում էին ուրիշների համար քան թէ սեփական անձի համար: Ու մտածում եմ, ինչքան կսիրի Հայրն այն երեխային, որն ամեն օր իր սեփական կարիքները թողած գալիս ու խնդրում է իր եղբայրների ու քույրերի կարիքների համար: Հայրը այս երեխային երեբեք չի թողնի, որովհետև սա հասկանում է որ ՍԵՐՆ է որ շարժում է ընտանիքը:
Ընտանիքում մեկ անդամի լավը՝ լավ է և ուրախություն բոլորիս համար, իսկ մեեկ անդամի անկումն ու ցավը՝ տխրություն ու ցավ է բոլորիս համար: Մենք բոլորս այս աշխարհում Աստուծո մեծ ընտանիքի անդամներն ենք:
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: