Մի՞թե ես չգիտեմ հերոս ձևանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները: Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առաջ ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սևրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել ԼՂ-ի անկախությունը, հայտարարել որ ոչ մի թիզ հող չեմ զիջի և այլն:
Այդ բոլոր հնարքները ես վարպետորեն կարող էի օգտագործել, համենայն դեպս ոչ ավելի վատ, քան Կինոյի տան հավաքվածներից որևէ մեկը. ինչ է` կարողությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում: Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի կոչում ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի և Սփյուռքի խորհրդանիշը:
Ի՞նչն է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը՝ քաջության պակա՞սը, աշխարհաքաղաքացիական «կոսմոպոլիտ» մտածողությո՞ւնը, ապազգային էությո՞ւնը, թե սխալ դաստիարակությո՞ւնը: Խանգարում էր ընդամենը պարզ քաղաքական հաշվարկը և մեր ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցումը: Այլ կերպ վարվելու դեպքում արհավիրքներն ու աղետները անխուսափելի կլինեին, և այսօր ոչ միայն կորցրած կլինեինք Ղարաբաղը, այլև վտանգված կլիներ Հայաստանի գոյությունը: Լուսաբանությունների համար հեռու չգնալով, հիշեք մեր հարևանների բախտը. մեր աչքի առջև Գամսախուրդիան և Էլչիբեյը որդեգրեցին հերոսանալու քաղաքականությունը, դարձան ազգային կուռքեր, բայց անհամար աղետներ բերին իրենց ժողովուրդների գլխին:
Լևոն Տեր-Պետրոսյան, 1 նոյեմբեր 1997 «Հայաստանի Հանրապետություն»
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lizadjan/posts/456427134379729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել