Գրեթե մեկ ամիս է, ինչ լրջորեն վտանգված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան զանգվածի բնակչությունը: Մի քանի շաբաթ առաջ քերվեց և կրկնաասֆալտապատվեց Անդրանիկի փողոցը, որի արդյունքում իսպառ անհետացան հետիոտնի համար նախատեսված անցումային հատվածների շերտագծերը (զեբրերը):
Բարեկրթության ու օրինապահության առանձնապես մեծ հակում չունեցող բազմաթիվ վարորդներն էլ, օգտվելով առիթից՝ չեն զիջում փողոցը տասնամյակներով սահմանված հատվածներով անցնող հետիոտներին (կարծես տեղյակ չեն, որ այդ հատվածում միշտ անցումային գոտի է եղել): 
Միայն այսօր, 15 րոպեի ընթացքում՝ կյանքին վտանգ սպառնացող 8-9 միջադեպի ականատես եղա: Հատկապես առավոտյան, երբ երեխաները հատում են փողոցը՝ մյուս կողմում գտնվող դպրոց գնալու համար (մասնավորապես՝ Ա-3 թաղամասից դեպի Ա-1թաղամաս և Բ-3 թաղամասից՝ Բ-1 թաղամաս):
Պարոնայք պատասխանատու և պատկան գերատեսչական և համայնքային մարմիններ, լավ, դժվար է՞ այնպես կազմակերպել, որ հենց ասֆալտապատումից անմիջապես հետո, մեկ-երկու օրվա ընթացքու կազմակերպվի գծանշման աշխատանքները: Թե՞ անպայման դժբախտ պատահար պետք է լինի, որ նոր այդ մասին մտածեք:
Ինչևէ, խնդրում եմ օր առաջ լուծել այս չնչին, բայց հույժ կարևոր խնդիրը:
Ամեն կյանք՝ մի տան ճրագ է ...

Հ.Գ. Կարծում եմ, որ սույն խնդիրն առկա է նաև քաղաքի այլ փողոցներում ու պողոտաներում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել