image_711in.am-ը գրում է․

Գլոբալ տաքացումը իր բազմաթիվ հետևանքներ ունի, և դրանցից մեկը երեխաների ծնելիության համամասնությունն է: Ճապոնիայի ուսումնասիրողները պարզել են, որ կլիմայական փոփոխությունները, որոնց ենթարկվում է մեր մոլորակը, ազդում են որոշ երկրների տղամարդկանց և կանանց թվի հարաբերակցության վրա: Այս ուսումնասիրությունը հրապարակվել է Fertility and Sterility ամսագրում, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում է Vesti.ru-ն:

1970 թ. սկսած եղանակային փոփոխություններն առավել նկատելի են Ճապոնիայի տարածքում: Այդ ժամանակվանից սկսած էլ հաճախակիացել են մոր արգանդում արական սեռի պտուղների մահացության դեպքերը: Դրա հետևանքով Ճապոնիայում տղաների և աղջիկների հարաբերակցությունը խախտվել է, քանի որ ավելի քիչ արական սեռի երեխաներ են ծնվում:

Ուսումնասիրության առաջատար հեղինակ Միսաո Ֆուկուդան հասկացել է, որ ինչ-որ կերպ կլիմայական փոփոխություններից տուժում են արական սեռի երեխաները:

Վիճակագրության համաձայն՝ վերջին մի քանի տարիներին Ճապոնիայում գրեթե 90 հազար մարդ է ծնվել: Պարզվել է նաև, որ ամեն ամիս պտղի մահացության հազար դեպք է գրանցվում:

Գիտնականները քննարկել են նաև եղանակային ծայրահեղ երևույթների երկու դեպքեր՝ 2010 թ. ամռան անոմալ տապը և 2011 թ. ցուրտ ձմեռը: Պարզվել է, որ 2010 թ. ամռան ավարտին երկրում ավելացել են պտղի մահացության դեպքերը: Հետաքրքիր է, որ ուղիղ ինն ամիս անց երկրում փոփոխվել է ծնված աղջիկների և տղաների հարաբերակցությունը:

Նմանատիպ երևույթ էլ տեղի է ունեցել 2011 թ. ցուրտ ձմռանից հետո: Այդ ժամանակ էլ պտղի մահացության դեպքերը ավելացել են մարն ամսին, իսկ ինն ամիս անց տղաների ծնելիությունը զգալիորեն զիջել է աղջիկներին:

Այս տվյալները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ եղանակային տատանումները ինչ-որ կերպ ազդում են սեռերի հարաբերակցության վրա, որի հետևանքով տուժում են արական սեռի երեխաները:

Հայտնի է նաև, որ շատ այլ ֆակտորներ ևս, ինչպիսին է, օրինակ, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, կարող են ազդել սեռերի հարաբերակցության վրա: Սակայն համոզիչ ապացույցներ այն մասին, որ հենց ջերմային տատանումներն են դառնում նորածին տղաների կան արական սեռի պտուղերի մահացության պատճառը՝ առայժմ չկան:

Նշենք նաև, որ որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ Ճապոնիայում սեռերի հարաբերակցության փոփոխությունները կարող են կապված լինել նաև երկրաշարժների և ցունամիների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել