Ջրառատցիները գիշերում են տանիքինArmnewsTV.am-ը գրում է.

Առավոտյան ջրառատցիներն արթնացել են, անակնկալի եկել: Հրազդանի գետը վեց մետրով իջել է: Բայց գետի` հինգ օր առաջ ստեղծած խնդիրները դրանով չեն լուծվում: Թաղամասի հեղեղումից տուժած բնակիչները դեռ փոխհատուցում են սպասում: Ասում են` հոգնել են քաղաքապետարան գնալուց, ընդունելություն չկա: Փոխարենը Հասմիկ տատը վնասի հետևանքներն է ցույց տալիս ու կորցրածը հետ պահանջում: Սկսում է ամենափոքր վնասից: Սատկած անասունների մասին չի խոսում, ասում է` կպատկերացնեմ, թե մատաղ եմ արել: Իսկ Հարություն պապը խոնավ ու բորբոսնած խոտի դեզին հեռվից է նայում, քիչ չէր` վեց տոննա: Միակ հոգսը կենդանի մնացած երկու կովերն են, բայց չգիտի ձմռանն ինչով է կերակրելու: Ջուրն օրեցօր պակասում է, դրա հետ մեկտեղ նոր վնասներ են ի հայտ գալիս: 5 օր է Վահագը 4 հորերի ջուրը դույլերով է դուրս հանում, 7 տոննա կարտոֆիլը փրկել է պետք: Ջուրը կիսով չափ դատարկել է, կարտոֆիլի մի մասն էլ պարկելով հանել, բայց օգտագործման համար պիտանի չեն: Որքա՞ն վնաս է հասցրել ջրի մեկ բացթողումը Ջրառատում: Հրազդանի քաղաքապետարանում վստահեցնում են` գնացել են ու վնասները արձանագրել, ու հիմա վերահաշվարկներ են անում: Ամեն դեպքում պնդում են, որ իրենք մեղք չունեն: Ո՞վ է հաշվել վնասները և ի՞նչ մեխանիզմով: Քաղաքաշինության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանը պնդում է, որ քաղաքապետի հրամանով է ստեղծվել հանձնաժողով, նույնիսկ գիշերն են աշխատել: Իսկ ջրառատցիներն ասում են, որ 5 օր է սպասում են պատասխանատուներին: Քաղաքապետարանի պաշտոնյան այդպես էլ չհիշեց` ի՞նչ հրամանով է ստեղծվել հանձնաժողովը, չի կարող ցույց տալ նաև հրամանը: Փաստորեն ստացվում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, իսկ հանձնաժողովը ստեղծվել է սեպտեմբերի 27-ին: Եթե ուսումնասիրել են վնասը, ապա ի՞նչ է արձանագրել հանձնաժողովը: Քաղաքապետարանի բաժնի պետերն ասում են, որ վնասները աննկատ են, ամեն ինչ վերահսկում են: Ստեղծվե՞լ է հանձնաժողով, թե՞ չի ստեղծվել` այս հարցի պատասխանը ջրառատցիների վնասը չի փոխհատուցի: Վիճահարույց հանձնաժողովն ի վերջո Ջրառատում է: Բնակիչները մի բան են պահանջում` օգնել, որ կարողանան փակել վարկերը: Պատասխանը` հնարավորություն չունեն: Հարություն պապը խոտի դեզն է ցույց տալիս` մասնագետը ուսումնասիրեց ու արձանագրում է` խոնավ է, բորբոսնած, բայց փոխատուցման խնդիր չի տեսնում, փոխարենը առաջարկ է անում: Հանձնաժողովի անդամները մեկ ժամից ավելի տնտղեցին տարածքն ու որոշեցին` վնասներ գրեթե չկան, և կարտոֆիլը, և մնացածը կարող են չորացնել և օգտագործել: Ասում են` կարող են և չփոխատուցել, քանի որ մեղավորը բնակիչներն են: Նախորդ դարում գետի լայնությունը 12 մետր էր, հիմա 5: Աղբը թափել են ու գետը փոքրացել է: Հանձնաժողովը ևս մեկ պատճառ է առաջ քաշում վնասի չփոխհատուցման համար: Իրենց տվյալներով` այստեղի շինություններն ու հողերը ապօրինի են: Եթե ապօրինի են, ինչո՞ւ են ամեն տարի հողի հարկ գանձում: Պատասխանը լռությունն է: Ի՞նչ տեսավ և ի՞նչ արձանագրեց հանձնաժողովը: Սպիտակ թղթի վրա միայն երեք անուն գրվեց: Հեռացան, խոստանալով քաղաքապետին պատմել տեսածը: Կօգնե՞ն, թե՞ ոչ, անհայտ է: Արդեն երեկո է, բնակիչների մի մասը տուն չի գնում, կգիշերեն տանիքներին, տների խոնավությունը աննկարագրելի է:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել