Tert.am-ը գրում է․
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 2-ի երեկոյան հյուրընկալվել է ռուսական «Вечерний Ургант» հաղորդմանը: Հիշեցնենք, որ Ազնավուրը գտնվում է Մոսկվայում իր համերգային շրջագայության շրջանակներում, և այսօր համերգ կունենա Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում:
Հաղորդավար Իվան Ուրգանտի այն հարցին, թե ինչպես է շանսոնյեին հաջողվել 90 տարեկանում նման լավ տեսք պահպանել, Ազնավուրը պատասխանել է. «Ես ինձ լավ եմ զգում, որովհետև նորմալ կյանք եմ վարում, ոչ մի հիմարություն չեմ անում, ես շատ ուշ չեմ պառկում, շատ չեմ ուտում և շատ չեմ խմում, էլ չեմ ծխում, և շարունակում եմ սիրահարված մնալ իմ մասնագիտությանը: Պետք է միշտ սիրահարված լինել մի բանի»:

Ազնավուրը խոստովանել է, որ քանի որ երգում է 5 լեզվով, դժվարությամբ է հիշում երգերի տեքստերը, քանի որ ամեն անգամ ստիպված է լինում կրկին սովորել այն, ինչ մոռացել է այլ լեզվով երգելիս, իսկ ամենահեշտը ֆրանսերենով երգելն է:
«Իհարկե, երազանք կլիներ, որ ես կարողանայի երգերի բովանդակությունը հանդիսատեսին բացատրել ռուսերենով, բայց իմ ռուսերենն այնպես է, որ ես դրանով կարող եմ շփվել միայն ռեստորաններում և հյուրանոցներում, բայց ոչ բեմում», - անդրադառնալով մոսկովյան համերգին՝ ասել է Ազնավուրը։ Նա հավելել է, որ իր կյանքի ընթացքում միշտ այնպես է ստացվել, որ որոշակի կապեր է ունեցել ռուսների հետ: Շանսոնյեն նշել է, որ ողջ կյանքի ընթացքում իր հայրը ռուսերեն է ստորագրել, այլ ոչ հայերեն կամ վրացերեն, իսկ պապիկը ռուսական խոհանոցի ուտեստներ էր պատրաստում, ի դեպ, նա նաև «Կովկաս» անվանումով ռեստորան է ունեցել Փարիզում:

«Ես չեմ երգում ինչ-որ կոնկրետ դասի համար, ես երգում են հանդիսատեսի համար: Դահլիճում այն մեկ ընդհանրություն է, մեկ արյունից, մեկ հողից»,- ասել է Ազնավուրը:
Տեսանյութն՝ այստեղ



