1. Հայտնի է, որ որևէ հետևանք ունենալու համար անհրաժեշտ են ինչպես պատճառներ, այնպես էլ պայմաններ: Պատճառն այն է, ինչից բխում է հետևանքը: Պայմաններն այն երևույթներն են, որոնք ապահովում են պատճառի` հետևանք դառնալը: Հիմա, դժգոհության պատճառներ կառավարության աշխատանքից հանրության մոտ, իհարկե, կան: Բայց այդ դժգոհությունը դեռ բավարար չէ` որևէ բան փոխելու համար: Անհրաժեշտ են պայմաններ, որոնք պետք է ապահովի ընդդիմությունը, բայց արդյոք գիտի` ինչ պայմաններ են անհրաժեշտ, և կարող է ապահովել, թե ոչ` հարց է:

2. Հայտնի է, որ նույն երևույթ ունի ինչպես ռեալ պատճառներ, այնպես էլ տրամաբանական հիմքեր: Օրինակ, աշակերտը գերազանցիկ է, որովհետև ունի կամք, ցանկություն և գիտելիք` բարձր առաջադիմությամբ սովորելու (և դրանք ռեալ պատճառներն են), մինչդեռ մենք կարող ենք անվանել գերազանցիկ` հաշվի առնելով ոչ թե նրա կամքը, ցանկությունն ու գիտելիքները, այլ ընդամենը գնահատականները (գնահատականը նրան գերազանցիկ անվանելու տրամաբանական հիմքն է):
Հիմա, հանրության որոշակի խմբի սոցիալական ցածր վիճակը, դժգոհությունը, սոցիալական վիճակը երկրում փոխելու ցանկությունը ռեալ պատճառներ են, որոնք մարդկանց ստիպում են գնալ հանրահավաքի և պահանջել իշխանություններից բարեփոխումներ: Ամեն ինչ ճիշտ է: Բայց արդյոք այս ամենը տրամաբանական հիմք է իշխանափոխություն պահանջելու համար, և արդյոք իշխանափոխությունն է այս իրավիճակի տրամաբանական հետևանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել