Panorama.am-ը գրում է․
Նախօրեին կառավարությունը պաշտոնապես արձագանքել է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից դեռևս հունիսի սկզբին ներկայացրած 12 կետանոց պահանջներին։ Դրա հետ մեկտեղ նախորդ շաբաթ մեկնարկեցին քառյակ-եռյակի մարզային հանդիպումները: Հետաքրքրական է, որ ոչ իշխանական ուժերը իրենց երևանյան, թերևս գլխավոր հանրահավաքը նախատեսում են անցկացնել հոկտեմբերի 10-ին, երբ մի կողմից լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 5-րդ տարին, իսկ մյուս կողմից նախանշված է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումը: Այս, ինչպես նաև ՀՅԴ-ի վերջին քայլերի և հայտարարությունների վերաբերյալ panorama.am-ը զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:
-Պրն Մարկարով, ինչպե՞ս կբնութագրեք կառավարության արձագանքը եռյակի պահանջներին:
-Նախևառաջ, իմ խորին համոզմամբ, դրական է հենց միայն այն փաստը, որ կառավարությունը ծավալուն և հանգամանալից անդրադարձ է կատարել ընդդիմադիր դաշտի մտահոգություններին: Մեծ հաշվով, դա ոչ միայն ընդդիմադիր դաշտի, այլ նաև հասարակության մեջ առկա տարբեր խմբերի մտահոգություններն ու առաջարկներն են: Կառավարությունը տվյալ պարագայում հնարավորությունների սահմաններում փորձում է արձագանքել հնչող մտահոգություններին: Հստակ է, որ այն, ինչ գործադիրը ի վիճակի է, պատրաստ է իրականացնել, ինչը չի հակասում քաղաքական մեծամասնության շահերին, անկասկած, արվում է: Եվ հակառակը, այն, ինչ դուրս է առկա ռեսուրսներից կամ հակասում է իշխանությունների շահերին, բնականաբար, մերժվում է: Ցանկացած խնդրի լուծումը ենթադրում է որոշակի ռեսուրսների առկայություն: Իսկ դրանց բացականության պայմաններում կառավարությունը կարող է ընդամենը կիսել առաջ քաշված մտահոգությունը` փաստելով, որ առաջարկը անիրագործելի է այս կամ այն օբյեկտիվ պատճառներով: Մյուս կողմից, հստակ է, որ քառյակի որոշ պահանջներ ընդամենը հիշեցնում են բարի ցանկություններ և առհասարակ անիրագործելի են:
-Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ են հետապնդում եռյակի մարզային հանդիպումները:
-Ցանկացած քաղաքական ուժ պետք գործողություններ իրականացնի ոչ միայն այսպես ասած արշավների ժամանակ, այլ հանրության մոբիլիազացիային ուղղված մշտական գործունեություն ծավալի: Հետևաբար, հաշվի առնելով իրենց ակտիվ քաղաքական դիրք զբաղեցնելու փորձը, այս քաղաքական ուժերը փորձում են ակտիվ քաղաքական գործընթացների մեջ ներգրավել ոչ միայն մայրաքաղաքը, այն նաև մարզերը: Որոշ մարզային կենտրոներ վերջին ընտրություններում որոշակի ընդդիմադիր կեցվածք ցուցաբերեցին: Հաշվի առնելով նման տրամադրությունների առկայությունը` տարբեր ընդդիմադիր ուժեր իրենց էլետորալ բազան ավելացնելու նպատակով կարող են փորձել օգտագործել դրանք:
Չնայած նրան, որ Երևանում ապրում է երկրի բնակչությանը մոտ կեսը, սակայն պարզ է, որ այս քաղաքական ուժերի համար մարզերում աշխատանքը ոչ պակաս կարևոր է: Այս համատեքստում խորհրդանականան ոչ իշխանական ուժերի մարզային հանդիպումները կարելի է համարել նաև մարզային բնակչության աջակցության մակարդակի չափման յուրօրինակ փորձ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



